Մատչելիության հղումներ

Վրաստանում մեծ ներդրումներ են կատարվում զբոսաշրջության ոլորտում


Վրաստան, Ջավախք - Տեսարան Ախալքալաք քաղաքից
Վրաստան, Ջավախք - Տեսարան Ախալքալաք քաղաքից

Զբոսաշրջային կենտրոններ են հիմնվելու Ախալցխայում, Բորժոմիում, Ախալքալաքում և Բակուրիանիում:

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը ծրագրում է 75 միլիոն դոլար ծախսել Սամցխե-Ջավախեթի և Մցխեթա-Մթիանեթի շրջաններում: 60 միլիոնը որպես վարկ տրամադրելու է Համաշխարհային բանկը, 15 միլիոնը ծախսելու է Վրաստանի կառավարությունը:

Զբոսաշրջային կենտրոններ են հիմնվելու Ախալցխայում, Բորժոմիում, Ախալքալաքում և Բակուրիանիում: Առաջիկա 6 տարվա ընթացքում նախատեսվում է այս շրջաններում զբոսաշրջության տասնյակ նոր գործակալություններ բացել, աշխատատեղեր ստեղծել: Մասնավորապես Սամցխե-Ջավախեթիում 68 նոր գործակալություններ են բացվելու:

Սամցխե-Ջավախեթի և Մցխեթա-Մթիանեթի շրջաններում միասին վերցրած հիմա հյուրանոցային ավելի քան 6 հազար համար կա: Հյուրանոցային սենյակների թիվը նախատեսվում է դարձնել ավելի քան 14 հազար: Վրաստանի իշխանություններն ակնկալում են կրկնապատկել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները և գրեթե 350 հազար դոլար ստանալ միջազգային տուրիզմից:

Այս ծրագիրն ընդգրկում է թե՛ տեղական թանգարանների, ցուցահանդեսների, պատմական վայրերի վերանորոգում և թե՛ ենթակառույցների զարգացում, իսկ Ախալցխայում նախատեսվում է «Խաղաղության երթուղի» անվանումով տուր բացել, որը կմիավորի քաղաքում առկա կրոնական երեք համայնքները: Այցելուներին կներկայացվեն վրացական ուղղափառ, հայկական առաքելական և կաթողիկե եկեղեցիները, մահմեդական հուշարձանները, Ռաբաթ ամրոցը:

Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են, որ զբոսաշրջությունը Վրաստանում անշեղորեն աճում է: Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը այս տարվա 9 ամիսների տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ավելի քան 4 միլիոն 100 հազար մարդ է մտել Վրաստան: Նշվում է, որ նրանցից 1 միլիոն 700 հազարը զբոսաշրջիկներ են: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն սեպտեմբերին կես միլիոնից ավելի մարդ է այցելել Վրաստան, մեծ մասը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG