Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ «Որևէ մեկին ես չեմ վիրավորել»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավաստմամբ` ինքն ընդամենը իր մտահոգությունն է հայտնել, երբ չորեքշաբթի օրը խորհրդարանում դիմում էր ոչ իշխանական ուժերին՝ «երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում»:

Այս մասին Աբրահամյանը լրագրողներին փոխանցեց երեկ երեկոյան՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նախորդ օրը, հիշեցնենք, վարչապետը վրդովվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակման վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի հեգնական հարցերից և կոչ արել «չափի մեջ» լինել ու «հարգել գործադիր մարմնին», այլապես սպառնալով՝ «լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»:

Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը դժգոհություն էր հայտնել խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ոճից՝ «պահանջատիրական, փողոցով ահաբեկելու», և հարցրել․ - «Ի՞նչ եք դուք ուզում: Որ էս երկիրը իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի… Չի լինելու դա: Երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում էս երկրում ունենալ… Ձեր ցանկությունն ի՞նչ է»:

«Ես իմ մտահոգությունն եմ հայտնել, որ նման ձևաչափը, որ գնում են միտինգների, մարդկանց սկսում են հայհոյել, լարվածություն են ստեղծում․․․Ես դրա համար եմ ասում, իմ մտահոգությունն է, որ նորմալ, ցիվիլ ձևով գնան, խնդիրները ներկայացնեն, միտինգ անեն: Դա է եղել իմ մտահոգությունը, ոչ թե ես ուզում եմ․․․ հակառակը, մենք ամեն ինչ անենք, որ նման դեպք չիրականանա մեր երկրում, դա մեզ համար ցավալի է: Ուղղակի այդ տոնը, այդ վերաբերմունքը, որ՝ մենք առաջարկում ենք, եկեք միասին քննարկենք, ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին բարձրաձայնենք: Իհարկե, ժողովուրդը ընտրել է բոլորիս, որ մենք իրենց մատից փուշ հանենք, ոչ թե գնանք անձնական հարցեր լուծենք: Դեռ երկու-երեք տարի կա ընտրություններին», - ասաց Աբրահամյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է նշանակում «անձնական կյանքում օպոնենտ» դառնալու իր սպառնալիքը, Աբրահամյանը պատասխանեց․ - «Որևէ մեկին ես չեմ վիրավորել, նման ցանկություն չեմ ունեցել, այլ հակառակը՝ ես կոչ եմ արել, որ մենք միասին մեր առջև ծառացած, ժողովրդի առջև ծառացած խնդիրներին տանք լուծում»:

Հայաստանի նախագահը կմասնակցի Մինսկի գագաթնաժողովին

Հարցին, թե հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական միության գագաթնաժողովից ի՞նչ սպասելիքներ ունի, կստորագրվի՞ արդյոք միությանը Հայաստանի անդամակցության պայամանագիրը, վարչապետն արձագանքեց․ - «Մենք ակնկալիք ունենք, որ կստորագրվի, ես համոզված եմ կոնկրետ»:

Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

XS
SM
MD
LG