Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վեց երկրների նկատմամբ դադարեցրել է այն սահմանափակումները, որոնք իրականացվում էին այստեղ՝ երեխաներին զինվորագրելու պատճառով։ Եվ այսօր կա մտավախություն, որ այս որոշումը կարող է սխալ ուղերձ դառնալ այս երկրների ղեկավարների համար։

Աշխարհի մի շարք երկրներում է տարածված անչափահասներին զինվորագրելու փորձառությունը։ Երեխաներից շատերն անդամագրվում են պարտադրաբար, մյուսները՝ աղքատության պայմաններից ելնելով՝ կամովին։

Ամերիկյան համալսարանի փորձագետներից Սյուզըն Շեփլերի խոսքերով՝ փոքր թիվ չի կազմում ռազմական գործողությունների ժամանակ զոհված երեխաների թիվը։

Այդ պատճառով էր ԱՄՆ-ը դադարեցրել ռազմական բնագավառում աջակցությունը ինը երկրների՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը, Կոնգոյին, Ռուանդային, Սոմալիին, Սուդանին, Հարավային Սուդանին, Սիրիային, Եմենին ու Մյանմարին։ Սակայն այժմ Միացյալ Նահանգները հանում է պատժամիջոցները՝ դրանք ուժի մեջ թողնելով միայն Սիրիայի, Մյանմարի ու Սուդանի նկատմամբ։

Պետդեպարտամենտում մարդու իրավունքների ու անվտանգության հարցերով խորհրդական Դեն Մահանթին դա բացատրում է այս երկրներում գրանցված առաջընթացով։ Բացի այդ, ասում է նա, «հաշվի է առնվում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցում այս երկրների կարևորությունը»։ Նրա խոսքերով, «հանելով պատժամիջոցները՝ Ամերիկան ավելի մեծ հնարավորություն է ստանում այս երկրների հետ տարբեր խնդիրներ լուծելու հարցում»։

«Միջազգային համաներում» (Amnesty International) կազմակերպության անդամներից Ադոթեյ Աքվեյը, չընդունելով այս պատասխանը, նշում է, որ այս երկրների մոտ կձևավորվի այն տեսակետը, թե ԱՄՆ-ը, ունենալով որոշ մտահոգություններ, իրականում մեծ ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքի վրա։

Փորձագետներն ասում են, թե աշխարհի մեծաթիվ երկրներում են երեխաները ենթարկվում ֆիզիկական բռնությունների, կանգնում մահվան վտանգի առջև, զրկվում կրթություն ստանալու հնարավորությունից և ի վերջո՝ կորցնում իրականության հետ իսկական կապը։ Նրանք կոչ են ասնում, որ ԱՄՆ-ը ոչ թե հանի պատժամիջոցները, այլ ավելի խստացնի, որպեսզի այս երեխաները սկսեն հասկանալ խաղաղ կյանքի գինը և ատեն պատերազմները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG