Մատչելիության հղումներ

«Յուվեցի Կարոյի» փեսայի մեղադրանքը ծանրացվեց


Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի մեղադրանքը ծանրացվել է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանին ի սկզբանե առաջադրված սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներին գումարվել են ևս երկուսը. այժմ նա մեղադրվում է նաև երկուսից ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի էլ՝ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ։ Ավելանում է նաև պատժաչափը. եթե ի սկզբանե Առաքելյանին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում, ապա նոր լրացված հոդվածներից մեկով նախատեսված առավելագույն պատժաչափը մինչև 10 տարվա ազատազրկումն է, մյուսով մինչև 5 տարին։

Ի դեպ, պատգամավորի փեսայի մեղադրանքը ծանրացրել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած նորաստեղծ քննչական կոմիտեն՝ ոստիկանության քննչական բաժնից գործը ստանալուց և ուսումնասիրելուց հետո։

Ի սկզբանե շրջանառվող վարկածն այն էր, որ Գոռ Առաքելյանը վիճաբանել է երկու անձանց՝ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ մեքենայի ճանապարհը փակելու համար, թեժ կռվից հետո հանել է հրազենն ու կրակոցներ արձակել, ինչի հետևանքով տուժել են ոչ միայն վիճաբանող կողմը, այլև երեք անցորդներ:

Քննչական կոմիտեն, ըստ էության, Առաքելյանի գործողություններում տեսնում է դիտավորություն։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, վկայակոչելով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, կոմիտեն նշում է, որ այդ օրը՝ մայիսի 17-ին, նա փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերի Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, Ալվինա Բադալյանին էլ հասցրել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բացարձակապես համաձայն չէ մեղադրանքը ծանրացնելու՝ քննչական մարմնի որոշման ու պնդումների հետ, համոզմունք հայտնեց, որ դրանք անհիմն են՝ խոստանալով ավելի մանրամասն մեկնաբանություններով հանդես գալ մի քանի օրից։

Այս գործով Գոռ Առաքելյանից բացի խուլիգանության մեղադրանքներով կալանավորված են նաև կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը։ Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ կարծիք հայտնել Առաքելյանի մեղադրանքը ծանրացնելու մասին, ասաց, որ իրենց պահանջը իրենց որդուն ազատ արձակելն ու խուլիգանության մեղադրանքը վրայից հանելն է։

«Բա մեղադրանքը իմ տղայի վրայից պիտի հանեն, բա ի՞նչ պիտի անեն, ինքը տուժող է... բա մեքենայի մեջ... դուռդ բացեն, տանդ մեջ վրադ կրակե՞ն։ Եթե քեզ հանկարծ ինչ-որ բան էին ասել, խոսքով պատասխանեիր, ոչ թե հանես կրակես, բեսպրեդե՞լ ես... Իհարկե, ես չեմ էլ ուզում բան ասեմ, երիտասարդ է։ Տաքարյուն տղա է, երևի չի պատկերացրել ինչ է կատարել, բայց ուրիշի կյանքին մահացու վնաս էր հասցնում։ Երեք գնդակ, երկուսը փորից, մեկը ոտքից... դեռ շոկի մեջ ենք»,- ասաց Լիանա Հովհաննիսյանը։

Պատգամավոր Կարո Կարապետյանը վերջին շրջանում չի մեկնաբանում իր փեսայի շուրջ ծավալվող զարգացումները, խորհուրդ է տալիս դիմել փաստաբանին։

Իրավապաշտպանների համար Գոռ Առաքելյանի մեղադրանքը ծանրացնելը անակնկալ չէ, բայց նրանք այստեղ արդարադատություն իրականացնելու միտում չեն տեսնում։

«Վստահ եմ, որ ստեղծված նոր Քննչական կոմիտեն վստահության կարիք ունի հանրության շրջանում»,- «Ազատության հետ զրույցում նշեց Ժաննա Ալեքսանյանը.- «Ուղղակի զուտ այս աղմուկ-աղաղակի, Սուրիկ Խաչատրյանի նշանակման և այլնի ֆոնի վրա Աղվան Հովսեփյանը գալիս է «հրեշտակի կերպարով», որ ինքը, այս նոր կոմիտեն աշխատելու են և խստացնելու են պատիժները, «այլևս օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքով՝ իբր թե...»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ակնհայտ է համարում, որ «Յուվեցի Կարոյին» թերևս չի հաջողվում այսօր անել այն, ինչ կցանկանար անել։

«Հայաստանում խոսել արդարադատության մասին տեղին չէ. չի կարող Հայաստանում այս պայմաններում, այս իշխանության պարագայում արդարադատության մասին խոսք գնալ։ Այստեղ կարող է խոսք գնալ ավելի շատ, որ նոր ստեղծվող կառույցը ինքնահաստատման ճանապարհին է, այստեղ կարող է խոսք գնալ իրենց ներքին կոնֆլիկտների մասին, ինչ-ինչ պատճառներ և հանգամանքներ կարող են թելադրել, որպեսզի այս մարդկանց ճնշեն ավելի, քան ճնշում են։ Իսկ արդարադատություն, բացահայտմանն ուղղված քայլեր, արդար դատարան... այդ ամեն ինչը բացառվում է մեզանում»,- ասաց Հարությունյանը։

XS
SM
MD
LG