Մատչելիության հղումներ

Սևանցիները նույնպես բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ


Այսօր վաղ առավոտից Սևանի հացի գործարանի առջև հերթեր էին: Խանութների ու կրպակների փակ դռները ծեծելուց հետո սևանցիները այլընտրանք չունեին, ստիպված էին ժամերով հերթ կանգնել՝ գործարանից հաց գնելու համար։

«Շատ վատ ա վիճակը Հայաստանի: Քանի գնում` ավելի ա վատանում», - «Ազատությանն» ասաց հերթում կանգնած մի կին:

«Փակ են, լրիվ խանութները փակ են` մեր լավ ղեկավարի էրեսից», - հավելեց մի տարեց տղամարդ:

Իրնեց խանութներն ու կրպակները փակած առևտրականներին օրվա հացը մեկ այլ վայր էր բերել. Սևանի շուկայի հարակից տարածքում արդեն երկրորդ օրն է նրանք բողոքի ակցիա են անցկացնում երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։

«Էնպիսի օրենքներ դնեն, որ մարդկանց ձեռ տա, կարանան աշխատեն, տուն պահեն», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Առևտրականներն ասում են, թե Երևանում նստած կառավարությունը իրենց խնդիրները լուծելու փոխարեն դրանք բազմապատկում է, մինչդեռ անգամ իրենք Սևանում գիտեն՝ ովքեր են Հայաստանի խոշոր գործարարները. - «Հսկայական «հարսնաքարերին» չի ասում, հսկայական ցեմենտի գործարանին չի ասում, քարի ցեխին չի ասում… Խոշոր ներկրողին չի կպնում, բարձր բիզնեսներին չի կպնում, էկել ավել ծախողին, շեմուշկա ծախողին, բուլավկա ծախողին…»

Սևանցի առևտրականները սպառնում են՝ եթե իրենց պահանջները չկատարվեն, առաջիկա օրերին էլ կփակեն խանութները, անգամ՝ եկամտից զրկվելու գնով։

«Ստեղ հավաքված ա 150 ձեռնարկատեր, Սևանում հավաքվելու ա մինչև 300 ձեռնարկատեր: Բոլորի պահանջը նույնն ա` որ մնա և’ շրջանառության հարկը, և’ մյուս հարկը, ինչով աշխատում էինք», - ցուցարարների պահանջը ձևակերպեց նրանցից մեկը:

XS
SM
MD
LG