Մատչելիության հղումներ

Առևտրականներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էին


Ձեռներեցների ցույցը Կառավարության շենքի մոտ, 2-ը սեպտեմբերի, 2014թ.

Ձեռներեցների ցույցը Կառավարության շենքի մոտ, 2-ը սեպտեմբերի, 2014թ.

Այսօր առավոտից Կառավարության շենքի առջև հարյուրավոր առևտրականներ կրկին բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով կասեցնել երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։

Մի քանի ժամ տևած ցույցից հետո առևտրականների երեք ներկայացուցիչներ ներս հրավիրվեցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպաման։

Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո հանդիպմանը ներկա ցուցարարներից Սամսոն Գրիգորյանը հայտարարեց, որ վարչապետը լսել է առաջարկները և համաձայնել է քննարկել դրանք։

«Հետաքրքրված մեզ լսեց, մեզանից ընդունեց մեր առաջարկները, գրավոր առաջարկներ ներկայացրեցինք։ 3-4 օրվա մեջ վարչապետն ուսումնասիրելու է մեր տված բոլոր կետերը։ Շատ հետաքրքրված էր, շատ բաների վրա շատ զարմացած էր, որ տենց բաներ կան», - հայատարարեց Գրիգորյանը։

Վարչապետի հետ հանդիպած առևտրականների խոսքով՝ վարչապետը բացատրել է, որ օրենքը չի կարող փոխել, բայց խոսք է տվել առաջարկները ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, օրենքում փոփոխություններ առաջարկել։ Ավելին, վստահեցրել է, որ մինչև առաջիկա դեկտեմբեր, հարկային ստուգումներ չեն լինելու։

«Ասաց՝ ես անձամբ ասել եմ՝ մինչև դեկտեմբեր ձեզ մոտ չեն մտնելու, ստուգումներ չեն լինի», - «Ազատությանը» փոխանցեց Սամսոն Գրիգորյանը։

Վարչապետի առաջարկներին տեղեկանալուց հետո առևտրականների մոտ շատ հարցեր առաջացան: Նրանց մեծամասնությունը դժգոհ էր և պնդում էր, որ պետք է շարունակել պայքարը մինչև օրենքի կասեցումը։

«Հերթական սուտն է ասել, չե՛նք հավատում, տենց բան չի՛ կարա լինի, փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած Սամսոն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջարկել են ստուգումները սկսել առաջին հերթին խոշոր բիզնեսից: Նրա խոսքով՝ Աբրահամյանը իրենց առաջարկներից մի քանիսը հետաքրքրությամբ է լսել և խոստացել 3-4 օրից պատասխանել․ - «Փաստացի երևի մինչև դեկտեմբեր կարելի է փաստաթուղթ չունենալ»:

Առևտրականների հաջորդ ցույցը տեղի կունենա երեքշաբթի: Նրանք գալու են իրենց ներկայացրած առաջարկների մասին վարչապետի պատասխանը լսելու։

XS
SM
MD
LG