Մատչելիության հղումներ

«Շրջանառության հարկի մասին» օրենքը որևէ փոփոխության չի ենթարկվի


Կառավարությունն ու իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցությունն այսօր ամբողջությամբ մերժեցին ոչ իշխանական ուժերի առաջարկները:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքը որևէ փոփոխության չի ենթարկվի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել է որևէ զիջման գնալ: Այս մասին հանդիպումից հետո տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այս պահին համարում եմ, որ փակուղի է, մենք հույս ունեինք, որ էս մեկ օրը ժամկետում կոմպրոմիսների կգային, բայց հիմա շատ հստակ է, կառավարությունը ոչ մի զիջման չի գնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն ընդամենը պատգամավորներին է ներկայացրել դեռևս սեպտեմբերի 22-ին թվագրված իր հրամանը, որտեղ հարկային տեսչության պետերին հրահանգում է «ցածր ռիսկային համարվող փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեռնպահ մնալ որևէ անհարկի հսկողական գործողություններից»: Թե ո՞րն է անհարկի ստուգումը և ո՞րքան ժամանակով դրանք չեն իրականացվելու, նախարարի հրամանում չի նշվում:

Պատգամավորներին է փոխանցվել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 25-ին թվագրված հանձնարարականը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որտեղ Աբրահամյանը Խաչատրյանին հորդորում է՝ «ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ անհիմն ստուգումներ իրականացնելուց՝ թիրախավորելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ պատշաճ հսկողությունը ․․․»:

Նկատենք՝ օրենքի որևէ դրույթ կասեցնելու կամ փոխելու մասին խոսք չկա, ընդամենը վարչապետն ու ֆինանսների նախարարը խոսում են անհիմն ստուգումներ չանցկացնելու մասին, ինչն ի սկզբանե արգելվում էր օրենքով։

Ուշագրավ է, որ վարչապետի սեպտեմբերի 25-ին թվագրված այս հանձնարարականից դեռ 3 օր առաջ ֆինանսների նախարարը արդեն իսկ նույնանման հրամանը փոխանցել էր հարկային տեսչությունների ղեկավարներին:

Գագիկ Խաչատրյանի և պատգամավորների հետ այսօր տեղի ունեցած անարդյունք քննարկումից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը մանրամասնեց, որ նախարարը ընդունել է, թե այս օրենքի հետևանքով կարող են հարյուրավոր փոքր և միջին բիզնեսներ փակվել, բայց կառավարության համար միևնույն է՝ «կարևորը «Շրջանառության հարկի մասին» օրենքի միջոցով բյուջեն լցնելն է»։

«Երեք տարվա ընթացքում 8500 փոքր ձեռնարկությունը փակվել է։ Ես հարցրեցի՝ գիտեք, չէ՞, որ հիմա էլ պետք է փակվի, ասում են՝ այո։ Բա եթե 500 ձեռնարկություն փակվեց, 500 ընտանիք պետք է իր սնունդից կտրվի, դրա կեսը կարտագաղթի՞... իրենք դեմ չեն դրան, իրենք ընդունում են փաստարկը։ Իրենք ասում են, որ այդ գումարները, որոնք հիմա պետք է հավաքեն, խիստ կարևոր են, եթե չհավաքեն, դա կլինի տնտեսական ձախողում»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ՝ կառավարությունը պատրաստ է հարյուրավոր մարդկանց զրկել իրենց ապրուստի միջոցից երկու պատճառով։ Նախ փորձ է արվում է փաստաթղթաշրջանառությունն ապահովելու միջոցով բյուջեն լցնել։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարությունն այսօր շատ ծանր ֆինանսական վիճակի մեջ է, նախարարը հիմնավորվել է, որ եթե օրենքը չգործի, ապա իրենց հաշվարկներով բյուջեն 10 միլիարդ դրամի կորուստ կունենա։

«Դա իսկապես լուրջ խնդիր է, և իրենք խոստովանում են, որ ծանր ֆինանսական վիճակի մեջ են։ Երկրորդ՝ իրենց թվում է, որ եթե քայլ նահանջ անեն ժողովրդին ընդառաջ, դա կդիտվի որպես կորուստ, պարտություն... իրենք կոմպրոմիսի գալու որևէ ցանկություն չունեն»,- ասաց Մանուկյանը։

Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում ֆինանսների նախարարի հետ հանդիպմանը մասնակցած Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչդեռ համոզված է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ֆինանսների նախարար վերոհիշյալ հանձնարարականն ու հրամանը բավարար են, որպեսզի փարատվեն փոքր և միջին ձեռնարկատերերի մտահոգությունները։

«Հարցն այն է, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կարող էին անհարկի խնդիրներ առաջանալ, անհանգստություններ՝ այդ փաստաթղթերի հետ կապված փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների մոտ։ Այդ անհանգստությունները փարատելու համար կա ֆինանսների նախարարի հրամանը, վարչապետի հանձնարարականը։ Այդ անհանգստությունը փարատվեց»,- ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով հանձնարարականի «անհարկի ստուգումներ» ձևակերպմանը և թե որքան ժամանակով տնտեսվարողները կկարողանան զերծ մնալ այս ստուգումներից, Բաղդասարյանը պարզաբանեց.- «Այսինքն ձեռնպահ մնան, որ մարդիկ կարողանան ազատ իրենց գործունեությունը շարունակել... եթե կոնկրետ ժամկետ չկա, ուրեմն անժամկետ է, ինչքան երկար տևի, այնքան լավ»։

XS
SM
MD
LG