Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ոսկու շուկայի միջադեպի կապակցությամբ


Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ոսկու շուկայի միջադեպի կապակցությամբ
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից:

Այնտեղից նաև մանրամասնեցին, որ հետաքննությունը սկսել են դատախազության ուղարկած նյութերի հիման վրա:

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե «միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ուղարկվել են Ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժին»:

Հետաքննություն սկսելու ոստիկանության որոշումը ուշագրավ է այն պատճառով, որ միջադեպի օրը և դրան հաջորդած մի քանի օրերին իրավապահները հրաժարվում էին քննել միջադեպը՝ պատճառաբանելով, որ հիմքեր չունեն:

Անցած հինգշաբթի բազմաթիվ (այդ թվում Ոսկու շուկայի) առևտրականներ հավաքվել էին Կառավարության շենքի առջև՝ բողոքելու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունների դեմ: Սա վրդովվեցրել էր շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին, ով իր օգնականների հետ միասին Ոսկու շուկայում կոպիտ կերպով կարգադրել էր՝ անգամ «կտոր-կտոր» անելով՝ «դուրս շպրտել» բոլոր այն առևտրականների սեղանիկները, ովքեր համարձակվել են պայքարել իրենց իրավունքների համար: Այդ ամենը նկարահանված՝ առկա է համացանցում:

Աբրահամյանը նաև ասել էր, թե հրահանգել է Ոսկու շուկայի առևտրականներին չմասնակցել բողոքի ակցիաներին․ - «Այո, հաստատում եմ և ճիշտ եմ արել, և էլի պետք ա շարունակեմ»:

Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածն ասում է․ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:

Սակայն սա էլ ամբողջը չէ: Նույն օրը դարձյալ տեսախցիկի առջև Վաղարշ Աբրահամյանը հայատարեց, որ լավ է արել՝ սեղաններ է ջարդել․ - «Որովհետև անշնորհք ժողովուրդ են, իրանք իրանց բիզնեսի մասին մտածում են, իմ բիզնեսին խանգարում են»:

Իրավապահ մարմինների ղեկավարները լուռ են

Այս ամենի ֆոնին Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները լռությամբ են արձագանքում այն հարցին, թե ինչ գնահատական կտան Ոսկու շուկայի սեփականատիրոջ արարքին՝ մարդկանցից բողոքի խաղաղ ակցիաներին չամսնակցելու պահանջին:

Լուռ էր Քննչական կոմիտեի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Աղվան Հովսեփյանը:

Մեր հարցին լռությամբ արձագանքեց նաև Հատուկ քննչական ծառայության պետ, ադարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Իսկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նույն հարցին պատասխանեց․- «Անկեղծ ասած, ես ոսկի չեմ սիրում: Իրավապահներին հարցրեք»:

Հրաժարվելով իր գնահատականը հնչեցնել Ոսկու շուկայի սեփականատիրոջ արարքի վերաբրեյալ՝ նախարարը նստեց ավտոմեքենան ու գնաց:

«Ինձ համար զարմանալի չէ, որ իրավապահ մարմինների ղեկավարները չեն արձագանքում Սահմանադրության այդ ոտնահարմանը: Քանի որ իշխանությունը ռեժիմը, ավելի ճիշտ, միանշանակ նպատակ ունի լռեցնելու ընդվզման բոլոր ցույցերը և քաղաքացիներին հնազանդեցնելու, դրա համար իր գործիքների միջոցով՝ հանձին այդ խոշոր գործարարների, օլիգարխների, ճնշում է քաղաքացիներին, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց իրավունքների պաշտպանությունից», - «Ազատությանը» փոխանցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG