Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան վերադարձավ Հակոբ Ինջիղուլյանը


Գերությունից ազատված Ինջիղուլյանը հայտարարեց, որ Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

Այսօր վաղ առավոտյան Մոսկվայից տարանցիկ չվերթով երրորդ երկրից Հայաստան վերադարձավ մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված Հակոբի հարազատները ծափահարություններով դիմավորեցին նրան՝ մեջքին պարզելով Հայաստանի եռագույն դրոշը:

Հակոբի ծնողները արտասվում էին, մեկ տարի որդու հետ շփվել էին միայն Կարմիր Խաչի փոխանցած կարճ նամակներով: Ինքը Հակոբը բավական բարձր տրամադրություն ուներ, ինքնազգացողությունը գնահատեց լավ, վերջին մեկ ամիսը նա անցկացրել է երրորդ երկրում՝ Ռումինիայում։

«Շատ լավ է, ինձ համար հրաշալի է, որ ես գտնվում եմ Հայաստանում, պետք է անցնեմ բուժզննում։ Ես ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել միջազգային կազմակերպությանը և պետություններին, որոնք ինձ ազատեցին գերեվարությունից», - ասաց Ինջիղուլյանը։

Նա վստահեցրեց, որ ինքնակամ է որոշել հայրենիք վերադառնալ։ Հայաստանի իշխանություններից ստացել է հավաստիացումներ, որ այստեղ իրեն չի սպառնալու որևէ տեսակի, այդ թվում և քրեական հետապնդում: Ավելին՝ նա մտադիր է շարունակել կիսատ թողած ծառայությունը:

«Պարտքը շարունակելու, 9 ամսվա ծառայություն էր մնացել՝ ցանկանում եմ գնամ շարունակեմ», - ասաց Հակոբ Ինջիղուլյանը։

Նա հաստատեց՝ գերեվերարվելու օրը՝ անցած տարվա օգոստոսի լույս 8-ի գիշերը ջրի է գնացել, մոլորվել և չկողմնորոշվելով տեղանքում՝ պատահաբար հատել սահմանը:

Հիշեցնենք, սա նաև Հայաստանի պաշտպանության նախարարության վարկածն է: Մինչդեռ Բաքվում, տեսախցիկների առջև Հակոբը ադրբեջանական զինվորական համազգեստով, կապտած աչքով, պատմում էր, թե սահմանը հատելուց ժամեր առաջ դիրքերում հրամանատարն իրեն ծեծել է, դժգոհում էր հայկական բանակում տիրող ծանր վիճակից:

Գերությունից ազատված Ինջիղուլյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

«Ծեծ, ծեծ և ծաղրանք, հայհոյանք։ Ասում էին՝ մեր ասածով չշարժվես, մեր ասածով չանես, են չոբանի օրը կընկնես՝ գնդակահարություն էր սպասվում։ Հարցազրույցից առաջ կանչում և ասում էին, անգամ Կարմիր Խաչից առաջ էլ կանչում էին և ասում էին՝ Կարմիր Խաչը որ գա՝ ինչ պետք է ասես, նամակներն էին ընթերցում՝ իմ ընտանիքին, գրելուց էլ բովանդակությունն ասում էին, ես էլ իմանում էի՝ ինչ պետք է անեմ։ Դա էլ իմ կյանքի համար եմ արել, որ հիմա ես էստեղ եմ», - ասաց գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը։

Երրորդ երկիր տեղափոխվելը, Հակոբի պատմելով, դարձյալ պարտադրանքի ներքո է եղել, Ադրբեջանում Հակոբին սպառնացել են սպանել, եթե փորձի Հայաստան վերադառնալ։

«Խնդրել եմ Կարմիր Խաչին և փախստականների գերագույն հանձնաժողովի Ալեքսանդր Նովիկովին, որ արագացնի իմ գործընթացը դեպի երրորդ երկիր: Ադրբեջանական ղեկավարությունը ասել է՝ պետք է գնաս երրորդ երկիր, եթե փորձես փախչել գերեվարությունից կամ ցանկանաս այնպես անել, որ գաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում», - պատմեց Ինջիղուլյանը։

Ճնշումների միջոցով նաև փորձել են տեղեկություններ ստանալ՝ քաղաքական բնույթի հարցեր են տվել, պահանջել պատմել մարտական դիքերի մասին. - «Բայց դա եթերում ասելու բան չի»։

Բաքվում ապրել է հինգ հարկանի ռազմագաղութի շենքում, միշտ փակի տակ են պահել, բայց տեսել է այլ հայերի, որոնց մասին չցանկացավ պատմել: Մեկ տարվա ընթացքում Հակոբին ընդամենը մեկ անգամ է բժիշկ զննել։

«Որ ինձ գերեվարության ժամանակ բռնեցին, ծեծեցին, հաջորդ օրն իրենք [բժիշկ] կանչեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինջիղուլյանը։

Մինչև բանակ զորակոչվելը Հակոբ Ինջիղուլյանը սովորել է Գևորգյան ճեմարանում, ցանկացել է հոգևորական դառնալ։ Ծնողները որդու վերադարձը համարում են հրաշք, եղբայրը՝ Հարությունը, որ մեկնել էր բերելու Հակոբին, ասաց՝ առողջությունից չի դժգոհել։

«Հիմա անկեղծացավ, բայց շատ փոքր, ու թե՛ իմ կողմից, թե՛ իր կողմից ցանկություն առաջարկվեց, որ չի հիշելու անցյալը, որովհետև անցյալում կան միայն ցավալի հուշեր, իսկ ցավալի հուշերը լավ բանի երբեք չեն հանգեցնի։ Ամեն ինչ լավ էր իր մոտ, ուղղակի զգացվում էր, որ փորձում է հաղթահարել ամեն ինչ, ինչ կատարվել է իր հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինջիղուլյանի եղբայրը։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG