Մատչելիության հղումներ

Կառավարությունն արձագանքել է քառյակի առաջադրած 12 պահանջներին


4 ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները ստորագրում են կառավարությանը ներկայացվելիք 12 պահանջների տեքստը, 10-ը հունիսի, 2014թ․

4 ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները ստորագրում են կառավարությանը ներկայացվելիք 12 պահանջների տեքստը, 10-ը հունիսի, 2014թ․

Գործադիրը հերթականությամբ քննարկում է քառյակի պահանջները, չնայած դրանց մի մասը «բարի ցանկություններ» և «անիրատեսական պահանջներ» է որակում:

Կառավարությունը ժամեր առաջ պաշտոնապես արձագանքեց ոչ իշխանական քառյակի՝ հունիսի սկզբին ներկայացրած 12 կետանոց պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ պահանջների մի մասը արդեն իսկ իրագործվել է, մնացյալի համար դեռ ժամանակ է պետք։

Երեկ լրացավ քառյակի կողմից կառավարությանը ներկայացրած 12 պահանջները կատարելու վերջնաժամկետը:

Կառավարության հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ քառյակի ներկայացրած մի շարք կետերով էլ կամ առաջարկվում է պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ դրանք հակասում են միջազգային իրավական ստանդարտներին և դուրս են սահմանադրական շրջանակներից:

Անդրադառնալով պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու և ՍԴ ապրիլի 2-ի որոշումը կատարելու պահանջին, ինչպես նաև նոր համակարգը կամավոր կուտակային բաղադրիչի սկզբունքով ներդնելու պահանջին՝ կառավարությունը պատասխանում է, որ ՍԴ որոշումը իրականացրել են, և օրենքը փոփոխվել է։ Ինչ վերաբերում է պարտադիր բաղադրիչը կամավորով փոխարինելուն, ապա դա, ըստ Կառավարության, արդյունավետ չի կարող լինել, և բնակչության կենսաթոշակային խնդիրը այդ դեպքում կմնա չլուծված, քանի որ կամավոր սկզբունքով քիչ թվով քաղաքացիներ կմիանան համակարգին։ Որպես օրինակ բերվում է այն, որ Հայաստանում կամավոր համակարգի գործունեության 3 տարիների ընթացքում դրան ընդամենը 496 քաղաքացի է միացել։

Ոչ իշխանական քառյակի պահանջներից մեկն էլ վերաբերում էր տեսանկարահանող սարքերին և կարմիր գծերի համակարգին։ Առաջարկվում էր դրանցից ստացվող եկամուտի 75 տոկոսը ուղղել պետական և համայնքային բյուջե, ինչպես նաև տուգանքների առավելագույն չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը։

Կառավարությունը հայտնում է, որ հունիսի 21-ին համապատասխան օրենքում փոփոխություններ են կատարվել, և տուգանքների չափերը փոփոխվել են, արդյունքում ներկայումս գործող տուգանքների 70 տոկոսը նվազագույն աշխատավարձի 10 տոկոսից կամ պակաս է, կամ հավասար է դրան: Ինչ վերաբերում է եկամուտի բաշխմանը, ապա այժմ եկամուտը բաժանվում է հավասարապես։ Կարմիր գծերի հարցին կառավարությանը պատասխանում հստակ անդրադարձ չկա։

Հաջորդ պահանջը վերաբերում էր շրջանառության հարկին, որով քառյակը կոչ է անում առնվազն երեք անգամ նվազեցնել այն։

Կառավարությունը պատասխանում է, որ հարկը արդեն նվազել է՝ 3.5 տոկոսից դառնալով 1 տոկոս, փոխարենը պարտադիր է դարձել կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելը։

Այնուհետև քառյակը պահանջել էր կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները։

Կառավարությունը նշում է, որ այս դրույթները գործադիրի ծրագրում կան և արդեն այս ուղղությամբ փոփոխություններ են արել։

Հաջորդ պահանջը վերաբերում է «Նաիրիտ» գործարանին․ քառյակը կառավարությանը կոչ էր անում հաստատել վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը և ուսումնասիրել գործարանի անցած տարիների գործունեությունը։

Այս մասով կառավարությունը տեղեկացնում է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կարճ ժամկետում «Նաիրիտի» առողջացման ու վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող փաթեթ ստեղծելու հանձնարարական է տվել:

Քառյակը պահանջում էր նաև բացառել «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը առանց Ազգային Ժողովի հավանության: Կառավարությունը պատասխանում է, որ այս հարցը ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են:

Հաջորդ պահանջն էր՝ չթույլատրել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Կառավարությունն էլ պատասխանում է, որ երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում:

Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանելու պահանջին, Կառավարությունը խորհուրդ է տալիս քառյակին ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների քննարկումներին և հարցը համալիր քննարկել։

Հաջորդ պահանջը «Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունում էր, որը ընդդիմությանը պետք է վերահսկողական գործառույթներով օժտի: Այս հարցը նույնպես Կառավարությունը առաջարկում է քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։

Հաջորդ պահանջում քառյակը անդրադառնում է էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգին և կոչ անում ուսումնասիրել այն, բացահայտել համակարգի անարդյունավետության պատճառները, ինչից հետո պատասխանատվության կանչել մեղավորներին։ Ձևավորել սակագին սահմանելու կանխատեսելի համակարգ և մինչ այդ բացառել սակագնի բարձրացումը։ Կառավարությունը պատասխանում է, որ ուսումնասիրություններ արդեն տարվում են, ինչ վերաբերվում է սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։

Եվ վերջում քառյակը պահանջում էր Կառավարությունից չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը: Կառավարությունը շատ կարճ է պատասխանում՝ Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել:

XS
SM
MD
LG