Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը դեռ չի պատասխանել Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու՝ ՄԻԵԴ-ի հարցմանը


Ադրբեջանը մինչև օրս չի պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցմանը, որով միջազգային այս կառույցը խնդրել էր Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական դիրքորոշում հայտնել օգոստոսի 7-ին գերեվարված և մեկ օր անց ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու առնչությամբ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանի համար վերջնաժամկետ էր նշել սեպտեմբերի 26-ը: Փաստորեն սահմանված ժամկետից անգամ չորս օր անց դեռևս պատասխան չկա:

Կարեն Պետրոսյանի ընտանիքի շահերը ներկայացնող աշխատանքային խմբի անդամ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը «Ազատության» հետ զրույցում Ադրբեջանի կառավարության այս արարքը արհամարհանք որակեց:

«Ադրբեջանը հստակեցնում է, որ ինքն արհամարհած ունի այս բոլոր որոշումները կամ իրեն դիմելու այդպիսի մեսիջները, որովհետև ինքը ամեն անգամ ուզում է ապացուցել, որ սա կա՛մ հայկական լոբբինգ, կա՛մ հակաադրբեջանական ուժերի գործունեություն է։ Պատանդ վերցնելը և հետագայում նրան անմիջապես պետական ահաբեկչության մակարդակի հասնող գործունեությամբ սպանելը և ցույց տալը Ադրբեջանը ցուցադրական է անում՝ ցույց տալով, որ գործում է շատ ավելի «շահերի պատերազմում» իր հաղթանակները, քան որևէ մեկ այլ արժեքներ՝ մարդու իրավունք, հումանիզմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալավերդյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքային խումբը պատրաստվում է ևս մեկ դիմում ուղարկել ՄԻԵԴ՝ իրավիճակը պարզելու համար:

Ըստ Ալավերդյանի՝ Ադրբեջանը վարում է հստակ քաղաքականություն և այսպիսի արհամարհական վերաբերմունքով արդեն միջազգային մակարդակով ցույց է տալիս, որ Հայաստանին վերաբերում է որպես թույլ երկրի, մինչդեռ հայկական կողմը պետք է հասկանա, որ սա իր վարած արտաքին քաղաքականության հետևանքն է:

«Պարզապես պետք է հասկանանք, որ Հայաստանի գործունեությունը՝ լինի Հայաստանում, լինի դրանից դուրս, պետք է լինի շատ ավելի ակտիվ, շատ ավելի արդյունավետ, և, վերջապես, պետք է նոր մեխանիզմներ գտնվեն, որոնցով կարելի է այդ գործընթացի վրա ազդել», - ասաց Ալավերդյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս հարցով մեկնաբանություն չի տալիս․ Կոմիտեի խոսնակ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երբ կողմերը համաձայնության գան, Կարմիր խաչը, որպես չեզոք միջնորդ, կկարողանա մասնակցել և աջակցել իշխանություններին՝ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնել Հայաստան: Նա ավելացրեց, որ կոմիտեն որպես միջնորդ ներգրավված չէ հարակից գործընթացներին և դրանք մեկնաբանելու իրավասություն չունի:

XS
SM
MD
LG