Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Սարոյանն առաջարկում է ժողովրդի սրտով, տղամարդավարի վարվել


Այսօրվանից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը թեժ քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում:

Հատկապես ընդդիմադիրների կողմից ծափերի արժանացավ հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անակնկալ ելույթը, ով հորդորեց այդ օրենքը ընդհանրապես չքննարկել, ուղղակի այս մի անգամ ժողովրդի սրտով անել:

Ուշագրավ է, որ պատգամավորը տեղյակ չէր, որ օրենքը ժողովրդի սրտով անելու համար նախ այն պետք է քննարկել և փոփոխությունների ենթարկել:

«Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք։ Ի՞նչ եք քննարկելու էդքան, բերեք ոնց կար, ըտենց թողնենք, մարդիկ էթան, աշխատեն։ Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ, ի՞նչ պտի խաբեք ժողովրդին։ Բերեք, կակ ռազ, սաղս նստած ենք, տղամարդավարի քվեարկենք, պրծցնենք»,- հորդորեց հանրապետական պատգամավորը։

Երբ արդեն նիստերի դահլիճից Սեյրան Սարոյանը դուրս եկավ, լրագրողները փորձեցին պարզել, թե ինչո՞ւ է իշխանական իր գործընկերներին հորդորում այս մի անգամ ժողովրդի օգտին որոշում կայացնել:

«Սաղ ժողովուրդը ելել է ոտի։ Կարելի՞ է նորմալ լուծել, թե՝ չէ։ Ասում եմ՝ քելեք միանգամից անենք, էլ ինչ նորից քննարկենք, եսիմ ինչեր անենք: Ժողովուրդ է, տենում ես, ոտի է կանգնել, ժողովրդին հուզում է չէ՞ էս հարցը։ Թող ժողովրդի սրտով լինի, ոնց կա, տենց մնա։ Ես անձամբ ժողովրդի օգտին եմ քվեարկելու, չգիտեմ»,- ասաց Սարոյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե ինչո՞ւ իր կուսակիցները ժողովրդի սրտով չեն շարժվում, Սարոյանը արձագանքեց.- «Ես ուրիշի տեղ չեմ կարա պատասխան տամ, ես իմ տեղը կարամ տամ։ Ես անձամբ ժողովրդի օգտին եմ քվեարկելու, ես ժողովրդի յանից եմ»։

Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած օրինագծին՝ Սարոյանը ասաց.- «Ինչ ընդդիմություն... էսօր իրանց քաղաքական շահերին բռնում է, խոսում են... որ ընդդիմություն կար, ինչի՞ են թողել, որ էս օրենքը հասել է մինչև ստեղ»։

Գեներալը նույնիսկ չբացառեց, որ վիճահարույց հարցի շուրջ կարող է սեփական օրինագիծը ներկայացնել.- «Կարող ա»,- ասաց նա.- «Հիմա խնդիրն էն է, որ ժողովուրդը մեղք է, թող էթան իրանց գործին, սաղ թողել են բանուգործը, ընկել են քուչեքը, ամո՞թ չի մեզի։ Էրեկ Հունաստանի պրեզիդենտն էր էկել, սենց բաներ պտի տենա՞ր։ Սենց բան Հունաստան շատ կա, էդ խեղճ մարդն էկել էր, մթոմ հանգստանար, էկավ տեսավ նույն Հունաստանի վիճակն էլ ստեղ ա»։

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ժողովրդի օգտին փոփոխելուն կողմ արտահայտվեց մեկ այլ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանն, ով առավել հայտնի է «Թոխմախի Մհեր» մականունով: Նա էլ տեղյակ չէր, որ այս օրենքում կատարվող փոփոխությունը Ազգային ժողովի հանրապետական մեծամասնությունն է ընդունել այս տարվա հունիսին։

Սեդրակյանին համոզելու փորձերը, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքը իսկապես արդեն օրենք է, և այն Ազգային ժողովն է ընդունել, ապարդյուն անցան: Սա այն դեպքում, երբ Սեդրակյանը հունիսին անձամբ կողմ է քվեարկել այս օրենքին:

«Կառավարության որոշում է սա, մեզանով չի եղել, որ մենք դնենք, որոշում փոխենք։ Էն ժամանակ դա Ազգային ժողով չի մտել, կառավարության որոշումով էլ կարա լինի։ Հո կառավարության ամեն որոշում չի մտնո՞ւմ Ազգային ժողով»,- ասում էր Սեդրակյանը։

Ժողովրդի սրտով մի բան անելու մասին խոսելուց հետո, գեներալ Սեյրան Սարոյանն ու Մհեր Սեդրակյանը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ մասին ուղևորվեցին Սեդրակյանի աշխատասենյակ: Այստեղ արդեն քննարկումներն ընթացան խոշոր բիզնեսին ստվերից հանելու, Սամվել Ալեքսանյանի կողմից փոքր բիզնեսին փաստաթուղթ տալ-չտալու խնդրի շուրջ: Սամվել Ալեքսանյանը հիմնականում լուռ էր, նրան պաշտպանում էր գեներալ Սեյրան Սարոյանը:

«Օրենքը վատ բան չի ասում, ասում են, որ էդ ստվերը կորի, բայց նայում ես, կպնում է ժողովրդի ջեբին, էսա կռիվը, մենք ասում ենք ստվերային տնտեսությունը վերացնենք, հիմա ասում եք՝ ժողովուրդն ա մեղք, էս կառավարությունն էլ չգիտի՝ ստվերային տնտեսությունը վերացնի, թե ժողովրդին մեղքա»,- ասաց Սարոյանը։

Արձագանքելով առևտրականների դժգոհություններին, որ խոշոր ներկրողները, այդ թվում՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, փաստաթուղթ չեն տալիս, Սարոյանն ասա.- «Չի կարա տենց բան լինի։ Ալեքսանյանին ի՞նչ կա, նոր թազա քյասիբ է, պտի հարստանա՞... ամեն ինչ էլ ունի էդ մարդը, ի՞նչ ա էղել, որ թուղթ չտա, Ալեքսանյանին ինչին է պետք, որ ստվերային աշխատի, ծեմ բոլեե, Ալեքսանյանի նման բիզնեսմենը, ուրիշ բան, որ սկսնակ էղներ, փողի կարիք ունենար։ Սրան փող պետք չէ։ Ես բիզնես չունեմ, դրա համար էլ դուխով խոսում եմ։ Սամոյի հետ էլ գործ չունեք, որ հիմա խոսա, կասեն իրա օգտին է խոսում»։

XS
SM
MD
LG