Մատչելիության հղումներ

Կրակոցներ Երևանի Սարալանջ փողոցում, 21-ամյա երիտասարդը վիրավորվել է


Ատրճանակ, արխիվ
Ատրճանակ, արխիվ

Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 14:35 «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի 21-ամյա բնակիչ Լևոն Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է Սարալանջ փողոցում:

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք), Լևոն Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լևոն Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունը հասցնել ավարտին»:

Սարալանջ փողոցում` դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9 միլիմետր տրամաչափի կրակված պարկուճ և 1 գնդակ:

Զննության է ենթարկվել Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածք և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Հարությունյանի հայրը` Արամ Հարությունյանը, ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:

Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG