Մատչելիության հղումներ

Ռումինիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով` չնայած թուրքական բողոքներին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճամփորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:

Այնուհետև մեկնեցի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ միանալու տասնյակ երկրների մասնագետներին, գործիչներին, լրագրողներին և հոգևորականներին՝ առաջին անգամ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովում:

Ռումինիայում Թուրքիայի մշտապես աչալուրջ դեսպանը մեծ ջանքեր գործադրեց տապալելու ոչ միայն Հայոց ցեղասպանության համաժողովը՝ կազմակերպված Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից, այլև Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և՛ Պիտեշտի փոխքաղաքապետը, և՛ Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին: Ի դեպ, երբ դեսպանը առարկել էր խաչքարի տեղադրմանը, Պիտեշտի քաղաքապետը խստորեն հանդիմանել էր նրան՝ ասելով, որ նա իրավունք չունի միջամտելու ռումինական քաղաքի ներքին որոշումներին...

Թուրք դեսպանն այնուհետև փորձեց խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային համաժողովը: Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ռումինիայի վրա՝ երկու երկրների միջև առկա լայն առևտրային կապերի շնորհիվ: Դեսպանը պետք է հատկապես նեղացած լիներ այն հանգամանքից, որ Ցեղասպանության համաժողովը ֆինանսավորել էր Ռումինիայի կառավարությունը: Բարեբախտաբար, դեսպանին չհաջողվեց խանգարել համաժողովի անցկացումը, որը տեղի ունեցավ ըստ նախատեսված ծրագրի: Համաժողովին ներկա էին մասնագետներ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Հունաստանից, Միացյալ Նահանգներից, Չեխիայից, Ռումինիայից և Սիրիայից:

Միակ անակնկալն այն վայրն էր, որտեղ իջևանել էին համաժողովի մասնակիցները: «Տեմպո» հյուրանոցի նախասրահ մտնելիս ես շքամուտքի հարևանությամբ գտնվող դարակի վրա նկատեցի մի քանի թուրքական թերթեր, այդ թվում՝ «Զաման» թերթը ռումիներենով: Հետագա զննումից հետո մի գրքույկ հայտնաբերեցի, որտեղից պարզեցի, որ հյուրանոցի սեփականատերը թուրք մահմեդական հոգևոր գործիչ Ֆաթուլլահ Գյուլենն է... Չնայած հյուրանոցը գտնվում էր շատ հարմարավետ վայրում՝ ընդամենը մի թաղամաս այն կողմ Բուխարեստի Հայոց եկեղեցու առաջնորդարանից, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, սակայն որոշ հայ մասնակիցների համար տհաճ էր գտնվել թուրքական հյուրանոցում: Հետաքրքիր էր, թե ինչ էին զգացել թուրքական հյուրանոցի տերերը, երբ պարզել էին, որ հյուրընկալում են աշխարհի տարբեր կողմերից եկած Հայոց ցեղասպանության մեկ տասնյակ մասնագետների...

Հետաքրքրվելով, թե ինչ է քննարկվում համաժողովում, Թուրքիայի դեսպանատունն իր երկու աշխատակիցներին ուղարկել էր հետևելու զեկուցումներին, որոնք թուրք դեսպանը պարտաճանաչ կերպով պետք է փոխանցեր Անկարային: Բարեբախտաբար, ոչ մի տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Երկու թուրք դիվանագետներն իրենց զուսպ էին պահում և չէին փորձում խանգարել համաժողովը: Նմանապես, ոչ մի հայ մասնակից չփորձեց միջամտել թուրքական դեսպանատան պաշտոնյաների աշխատանքին:

Համաժողովում «Ցեղասպանության ճանաչում կամ արդարության պահանջ» թեմայով դասախոսությամբ հանդես գալուց բացի ինձ բախտ վիճակվեց ներկայացնել իմ երկու գրքերը Հայոց ցեղասպանության մասին՝ ռումիներեն թարգմանությամբ, որոնք նոր էին հրատարակվել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի կողմից: Առաջին գիրքը մի ժողովածու է, որտեղ ամփոփված են իմ հարյուր սյունակները, որոնք վերջին տարիներին հրապարակվել են «Կալիֆորնիա Կուրիեր» և այլ թերթերում: Չորս հարյուր էջանոց գիրքը կրում է «Հարյուր հոդված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ» խորագիրը: Իմ երկրորդ գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. աշխարհը ձայն է բարձրացնում. փաստաթղթեր և հռչակագրեր, 1915-2015 թթ.» խորագրով, նույնպես հրատարակվել է Հայոց թեմի կողմից ռումիներեն թարգմանությամբ:

Հայոց առաջնորդարանը և համայնքի ղեկավարները ակտիվ հրատարակչական ծրագրեր ունեն՝ ռումիներեն թարգմանել Հայոց ցեղասպանության մասին շատ կարևոր գրքեր՝ չնայած տեղի հայ համայնքի նվազմանը՝ դեպի Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա արտագաղթի ալիքների պատճառով:

Ռումինիայի հայկական համայնքում երկու նշանավոր Վարուժան կա: Առաջինը Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանն է: Նա Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարարն է և Հայոց ցեղասպանության մասին շատ կարդացված ինքնակենսագրական վեպի հեղինակը: Երկրորդը Վարուժան Փամբուկչյանն է՝ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր և Ռումինիայի խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների նախագահը:

Համաժողովի մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էին Ռումինիայում: Նրանք խոստացան աջակցել տեղի հայ համայնքի ջանքերին՝ հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG