Մատչելիության հղումներ

Առևտրականները անմարդկային են որակում իշխող կուսակցության կեցվածքը:

Իշխող Հանրապետական խմբակցությունը տապալեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը: Նիստի մեկնարկին՝ 18:30-ին գրանցվել էին 37 պատգամավորներ՝ «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «ՀՅԴ» խմբակցություններից, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան երեկոյան դարձյալ շենքի առջև բողոքի ցույցի եկած առևտրականների մոտ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ժողովրդի նկատմամբ արհամարհանք որակեց իշխանությունների այս կեցվածքը:

«Անգամ չհայտարարեցին, որ բոյկոտում են, անգամ չհայտարարեցին, թե չեն գալու: Ես ուղիղ հարցրեցի՝ ինչու չեք մասնակցում, կա՞ որոշում, ասացին՝ չկա որոշում: Ցավալին էստեղ է, որ իրենք վախենում են ուղիղ քննարկումներից: Մենք հրավիրում ենք իրենց բաց քննարկումների, թե՝ եկեք, համոզեք մեզ, որ սխալ ենք, ժողովուրդը սխալ է: Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, և սա շատ լավ է, հենց բողոքողների շահերից է, Ճ ասաց Մանուկյանը՝ շարունակելով, - Սա արհամարհանք է: Ուրիշ կերպ մի ընկալեք: Ասում են՝ ինչ ուզենք, էն էլ կանենք, գնացեք, դուք էլ ձերն արեք: Չեք ուզում, վեր կացեք էս երկրից գնացեք: Էս ա ամբողջ քաղաքականությունը: Ընդ որում, այն օրենքի նախագիծը, որ մենք ներկայացրինք, իմպերատիվ չէ: Այնտեղ իրավունք է տրվում կամ դու մեկ տոկոս մուծես փաստաթղթով, կամ չես ուզում փաստաթղթով մուծես, 3.5 տոկոս մուծի: Սա կառավարությանը պիտի ձեռք տար, այսինքն՝ դու այլընտրանք ես առաջարկում, որ մարդը աշխատի քեզ փող մուծի: Իրենք անգամ սրան չգնացին: Էստեղից էլ ես կարող եմ եզրակացնել, որ սա քաղաքական խնդիր է: Թքած ունեն իրենք ցանկացած բողոքի վրա, իրենց խնդիրն է՝ մարդուն էստեղից ասեն վեր կաց, գնա», - ասաց Մանուկյանը:

Ցուցարարները, որ ակնկալիքներ ունեին հրավիրված նիստից, խորը հիասթափությամբ հեռացան խորհրդարանի մոտից:

«Անմարդկային, բառեր չեմ գտնում նրանց արարքը ներկայացնելու համար: Չենք ուզում հուսահատվել, բայց կպայքարենք մինչև վերջ», - նշեց առևտրականներից մեկը:

«Չեն ուզում զիջումների գնալ, որովհետև մեզ մարդու տեղ չեն դնում, բերում են ու տանում, մարդկային խիղճ չկա մեջները: Եթե մարդ լինեն, մի քիչ մարդկանց դրության մեջ կմտնեն: Էսօրվանից ես զգացի, որ մի աննորմալ երկրում եմ ապրում», - ասաց 81-ամյա վաճառական մի կին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG