Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչն անփոփոխ թողեց Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը


Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց բանակում մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ սպանության ու մյուս ընկերոջը հրազենային ծանր վնասվածք հասցնելու համար։

Դավիթը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ընկերոջը կյանքից դիտավորյալ չի զրկել, կրակոցն արձակել է պատահաբար։

Ավելի քան մեկ տարի ձգվող դատաքննության ընթացքում այսօր առաջին անգամ դատարանում խոսեց նաև Դավթի գնդակից վիրավորված և հաշմանդամ դարձած նրա մյուս ծառայակիցը՝ Հրաչյա Սարգսյանը։

«Հիշում եմ էդ պահը․ մի հատ անկապ շարժում եղավ ու չեմ հիշում: Վերջին բանը, որ հիշում եմ, գնդի բժշկի խոսքերն էր, որ աչքերս չփակեմ․․․ Եթե Դավոյի տեղը նստած ըլներ Լյուքսը, ես էլի չէի հավատա ու չէի մտածի, որ կարող ա տենց մտածված իրանցից որևէ մեկը մեզանից որևէ մեկին ցանկանար վնաս տալ: Ես ուրիշ կարծիք չունեմ դրա վերաբերյալ», - ասաց նա:

Հրաչյան դատարանում հայտարարեց նաև, թե իրենք ընկերներ էին, դեպքից առաջ էլ կատակում էին, ու կրակոցը հնչել է հենց այդ ժամանակ։

Մեղադրական եզրակացությունը, նշենք, պնդում է, որ դեպքից առաջ երիտասարդների միջև վեճ է եղել, մինչդեռ վիրավոր Հրաչյան այսօր հայտարարեց՝ հիշաչարություն չի եղել:

Չնայած տուժողը դատարանում էր մեկուկես տարվա լռությունից հետո, բայց դատավորները որևէ հարց չտվեցին՝ պարզելու՝ ի՞նչ ասել է «անկապ շարժում» և արդյո՞ք իր տպավորությամբ, Դավիթը դիտավորյալ է կրակ բացել, թե դա պատահականության հետևանք է եղել։

Հարցաքննության հնարավորություն խնդրեց միայն ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը, դատարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, թե տուժողը վատառողջ է և արդեն ասել է այն, ինչ կարող էր և ուզում էր։ Երեմ Սարգսյանը դատարանի այս որոշումը որակեց «կանխակալ վերաբերմունք» ու ինքնաբացարկ հայտնեց, ինչը ևս մերժվեց:

Դատավճռի հրապարակումից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը հուզված էր ու չցանկացավ խոսել։ Նախկինում նա ասել էր, թե 17 տարին քիչ է, և ցմահ պետք է դատեն որդու մահվան պատճառ դարձած ընկերոջը։

Դատախազ Արթուր Զաքարյանը ևս հարցեր չտվեց Հրաչյային՝ պարզելու «անկապ շարժման» հանգամանքները:

Այս գործով վերաքննիչ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանը խիստ պատիժ է սահմանել ու Դավթին պետք էր դատել ոչ թե սպանության, այլ զենքի անփույթ օգտագործման համար։

20-ամյա Դավիթը շարունակում է հայտարարել, որ ընկերոջը չի սպանել։ Պաշտպանական կողմը վճիռը բողոքարկելու է վճռաբեկ ատյանում։

XS
SM
MD
LG