Մատչելիության հղումներ

Խոչընդոտներ Կատալոնիայի անկախության հանրաքվեի ճանապարհին


Իսպանիա, Կատալոնիա - Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի ցույց Բարսելոնայում, 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Իսպանիա, Կատալոնիա - Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի ցույց Բարսելոնայում, 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Կատալոնական ինքնավարության կառավարությունը, այդուհանդերձ, նահանջել չի պատրաստվում:

Շոտլանդական նախադեպը Իսպանայում չի գործի: Դա պարզ դարձավ այս շաբաթասկզբին, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը միաձայն որոշմամբ կասեցրեց Կատալոնիայում նոյեմբերի 9-ին տեղական իշխանությունների կողմից նշանակված անկախության հանրաքվեի անցկացումը:

Սահմանադրական դատարանի վճռի հրապարակմանը նախորդեց Իսպանիայի կառավարության արտահերթ նիստը, որի ավարտին վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց․ - «Չկա որևէ մեկը, որևէ ուժ կամ կառույց, որն ի վիճակի լինի խախտել 1978 թվականին ընդունված իսպանական Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը: Դրա համաձայն՝ երկրի այս կամ այն տարածաշրջանի կարգավիճակը որոշում է ողջ իսպանական ժողովուրդը»:

Ռախոյի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Սահմանադրական դատարանի բոլոր 12 դատավորները ընդհանուր հայտարարի եկան` հինգ ամսով սառեցնելով կատալոնական հանրաքվեի անցկացումը: Այդ ընթացքում Իսպանիայի Սահմանադրական դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի Կատալոնիայի ինքնավարության կառավարության նախաձեռնությամբ անցկացվող հանրաքվեի օրինականության վերաբերյալ:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը գործում էր իշխանությունների ակնհայտ ճնշման ներքո:

«Սահմանադրական դատարանը այնպիսի արագությամբ կարողացավ նիստ գումարել այս հարցով, որ իմ տպավորությամբ դրա անդամները գերազանցեցին ձայնի արագությունը», - հեգնում էր կատալոնական կառավարության ղեկավարը:

Արթուր Մասի խոսքով՝ անկախության հասնելու հարցում կատալոնական կառավարությունը նահանջել չի պատրաստվում:

Երկու օր առաջ Կատալոնիայի ինքնավարության կառավարությունը ներկայացրել է քայլերի այն հաջորդականությունը, որը կհանգեցնի անկախ կատալոնական պետության ստեղծմանը: Անկախացման ծրագիրը, ինչպես և Շոտլանդիայում, Կատալոնիայում ևս կոչվոմ է «Սպիտակ գիրք»:

XS
SM
MD
LG