Մատչելիության հղումներ

ԱՄՀ․ Հայաստանին սպասվում են դժվարին ժամանակներ


ԱՄՀ իջեցրել է իր կանխատեսումը Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ:

Հայաստանի տնտեսությանը սպասվում են դժվարին ժամանակներ՝ այսօր Երևանում հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Նա փոխանցեց, որ հիմնադրամը կտրուկ իջեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն հասցնելով 2.6 տոկոսի: Մեկ տարի առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ Հայաստանը 2014 թվականը կփակի 4.8 տոկոս տնտեսական աճով: Հավելենք նաև, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը այս տարվա համար սպասում է 4 տոկոս տնտեսական աճ:

«Հայաստանին սպասվում են դժվարին ժամանակներ՝ տարածաշրջանային զարգացումների, [Ռուսաստանի նկատմամբ] պատժամիջոցների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված անորոշությունների պատճառով: Այս կապակցությամբ, իհարկե, պահանջվում է զգուշավոր մոտեցում, սակայն կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու հարցում պետք է վճռականություն: Պետք է նախապատրաստվել և բուֆերային պաշարի հնարավորություն ունենալ այն հանգամանքների համար, որոնք իշխանությունների հսկողությունից դուրս են, բայց իշխանությունների հսկողության ներքո գտնվող հարցերում պետք է վճռական գործողություններ կատարել», - ասաց Մարկ Հորթոնը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նաև նշեց, որ աշխարահաքաղաքական զարգացումները, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը (ե՞րբ այն տեղի կունենա, ի՞նչ պայմաններով տեղի կունենա) անորոշություն են ստեղծում, որն էլ ազդում է Հայաստանի մասնավոր հատվածի վրա:

«Պարզեցինք, որ Հայաստանի տնտեսական աճը մեր ակնկալածից ավելի ցածր է: Սկզբնապես կանխատեսել էինք, որ կլինի 3.5 տոկոս, բայց մոտ 1 տոկոսային կետով ավելի ցածր է լինելու: Սա բացատրվում է և՛ ներքին, և՛ արտաքին գործոններով: Արտաքին գործոններից պետք է հիշատակել, որ տարածաշրջանի տնտեսական վիճակն ավելի բարդացավ Ուկրաինայում ճգնաժամի և Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Սա սկսել է ազդել Հայաստանից Ռուսաստան կատարվող արտահանման և Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա, - ասաց Հորթոնը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա տեսնում ենք, որ կառավարությունը շարունակում է թերակատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերը: Սա հատկապես ազդում է խոշոր կապիտալ ծրագրերի վրա: Այս թերակատարումը իր ազդեցությունն է թողնում նաև տնտեսական աճի վրա»:

Մարկ Հորթոնի խոսքով, քանի որ տնտեսական աճի տեմպը դանդաղում է, 2015-ին հիմնադրամը չի ակնկալում, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա «մեծ աճ ապահովել հարկերի հավաքման գործում»:

ԱՄՀ-ի բարձրաստիճան ներկայացուցչի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի Հայաստանը կունենա 3.3 տոկոս աճ, իսկ դրանից հետո՝ միջնաժամկետ կտրվածքով, տարեկան աճը կկազմի 4-4.5 տոկոս:

Անորոշություններ կան Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցում

«Ազատության» խնդրանքով Հորթոնը մեկնաբանեց իր այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում անորոշություն կա:

«Հայաստանի իշխանությունները որևէ անորոշություն չունեն Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում: Այն, ինչ պետք է անեին, արել են, ավարտել են նախապատրաստական աշխատանքը, ստորագրվելիք համաձայնագրի շուրջ բանակցել են: Վերջին ելույթներում՝ Անկախության օրը և Նյու Յորքում, Հայաստանի նախագահը հստակորեն ասաց, որ ոչ մի անորոշություն չկա իշխանությունների մասով», - ասաց նա:

«Անորոշություն կա մասնավոր բիզնեսի մոտ: Իրենց հետ մեր քննարկումներից պարզ դարձավ, որ իրենք որոշակի անորոշություն են զգում: Իրենք, ինչպես դուք, ինչպես ես, ընթերցում են լուրեր այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր-անդամների միջև կա որոշակի տարակարծություն, և ենթադրություններ այն մասին, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կարող է ոչ մի բան տեղի չունենալ: Բայց կարծում եմ, նրանք որոշակի անորոշություն են տեսնում համաձայնագրի դրույթների մասով՝ որո՞նք են անցումային ժամկետները, ի՞նչ է ստանալու Հայաստանը, ինչպիսի՞ք են լինելու շուկաներ մուտքի պայմանները, ինչպիսի՞ն է լինելու աշխատուժի կարգավորումը Ռուսաստանում, մաքսային վերահսկողությունը Վրաստանի տարածքում ինչպիսի՞ն է լինելու: Բազմաթիվ հարցեր կան», - նշեց Հորթոնը:

Միևնույն ժամանակ Մարկ Հորթոնը փոխանցեց, որ իրենք նույնպես «լսել են», որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում:

XS
SM
MD
LG