Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ հարձակումների կապակցությամբ


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել «պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին»։

Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը փորձել է հարց ուղղել Ղազախստանում հայ համայնքի ղեկավարին, վերջինս խլել է լրագրողի ձայնագրիչը, և հրահանգել իր թիկնապահներին հեռացնել լրագրողին, իսկ երբ Հովհաննիսյանը փորձել է հեռախոսով լուսանկարել, թիկնապահները վերցրել են լրագրողի հեռախոսը և ջնջել ձայնագրությունը։

«Ես մտահոգված եմ Հայաստանում լրագրողների դեմ հարձակումների վերջին դեպքերի և անպատժելիության մթնոլորտի դեմ արդյունավետ միջոցառումների բացակայության կապակցությամբ», - ասել է Միյատովիչը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրած նամակում։

Միյատովիչը հույս է հայտնել, որ լրագրողի նկատմամբ հարձակման դեպքը պատշաճ կերպով կուսումնասիրվի իրավապահների կողմից։

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ա1+ի լրագրող Մարինե Խաչատրյանի և «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի հանդեպ հարձակումների փաստերին։

«Ես կոչ եմ անում իշխանություններին պատշաճ կերպով և ժամանակին անդրադառնալ այս հանցագործություններին: Անպատժելիությունը հանգեցնում է ավելի մեծ բռնության ալիքի և իր բացասական ազդեցությունն է թողնում ազատ մամուլի և ազատ արտահայտման վրա», - ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ասել է Դունյա Միյատովիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG