Մատչելիության հղումներ

Ռուսները և ուկրաինացիները միմյանց մեղադրում են պատերազմի հանցագործությունների մեջ


«Ռուսախոս բնակիչների ցեղասպանություն»

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ «Դոնբասում ռուսախոս բնակչության ցեղասպանության» առնչությամբ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինը։

Ի պատասխան դրան, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ։

Ռուսները պնդում են, որ «Ուկրաինայի ռուսախոս բնակիչների ցեղասպանության համար պատասխանատվություն են կրում ուկրաինացի բարձրաստիճան ղեկավարները։

«Ցեղասպանությունն իրականացրել են Ուկրաինայի քաղաքական և զինվորական իշխանությունների, զինված ուժերի, Ազգային գվարդիայի և «Աջ սեկտորի» բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունները դեռ հայտնի չեն, նրանք արձակել են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքներում ռուսախոս բնակչությունն ամբողջությամբ ոչնչացնելու հրամաններ»,- ասել է Մարկինը։

Ռուսները պնդում են, թե ուկրաինացիները Դոնեցկի և Լուգանսկի ռուսախոս բնակիչներին ոչնչացրել են «Գրադ» և «Ուրագան» հրետանային կայանքներով, չկառավարվող ավիացիոն հրթիռներով և «Տոչկա-Ու» տեսակի հրթիռներով։

Ըստ ռուսական կողմի, այդ գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 2.5 հազար մարդ, ավերվել է ավելի քան 500 բնակելի շենք, կոմունալ ծառայությունների, կրթօջախների, հիվանդանոցների շենքեր, ավելի քան 300 հազար բնակիչներ ստիպված լքել են իրենց մշտական բնակության վայրերը և ապաստանել են Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ այդ գործողությունները քրեական հետապնդում և պատիժ են ենթադրում ոչ միայն ռուսաստանյան, այլև միջազգային օրենքներով։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հավելել է, որ ցեղասպանության համար նախատեսվում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ մահապատիժ։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1999 թվականի փետրվարից Ռուսաստանում մահապատիժը սառեցվել է։

Ռուսաստանի Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան հայտարարել է, թե Ուկրաինայում ռուսախոս բնակչության ցեղասպանության փաստն անհերքելի է։

«Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 357 հոդվածով գործ հարուցելու որոշումը միանգամայն հիմնավորված է»,- ասել է պատգամավորը։

«Համակենտրոնացման ճամբարներում տանջամահ են արել ուկրաինացիներին»

Ուկրաինայի իրավապահների պատասխանի հիմքում էլ ցեղասպանության մեղադրանքն է։ Անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ ռուս անջատականները Դոնեցկի մոտակայքում ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ։

«Դոնեցկի և ուկրաինական մի շարք այլ քաղաքների մոտ կան համակենտրոնացման ճամբարներ, որտեղ ահաբեկիչ Գիրկինի և ուրիշների կողմից տանջամահ են արվել և գնդակահարվել են Ուկրաինացի քաղաքացիները, այդ հանցագործները փախուստի են դիմել և թաքնվել են Ռուսաստանի տարածքում»,- հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG