Մատչելիության հղումներ

Հայաստանը վճռական է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում


Հայաստանը վճռական է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Հայաստանը վճռական է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահի Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց, որ Հայաստանը վճռական է Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով:

«Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան - Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով, և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանը այս հարցում կաջակցի Հայաստանին», - փոխանցեց Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, այսօր տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ ասելով․ - «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա»:

Հունաստանի նախագահի եռօրյա պետական այցը Հայաստան մեկնարկել է երեկ: Այսօր` դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Պապուլիասը առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ: Այնուհետև երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես են եկել հայտարարություններով: Սերժ Սարգսյանն ասաց, որ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերից բացի, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Հայաստանի նախագահը հույն գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումները:

«Հայաստանը շատ բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին»:

Հայաստանի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Հունաստանին Հայոց ցեղասպանությունը «առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար»: Նա ընդգծեց, որ 2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը:

«Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես պարոն Նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հունաստանի նախագահն իր հերթին նշեց, որ Հայաստանի նախագահին ներկայացրել է Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումները:

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև ուկրաինական զարգացումներին` հույս հայտնելով, որ հաստատված հրադադարը առիթ հնարավորություն է ստեղծել սկսելու քաղաքական գործընթաց ու շարժվել հարցի լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG