Մատչելիության հղումներ

Հայաստանը խաղաղապահներ կուղարկի Լիբանան


Հայ խաղաղապահները Աֆղանստանում, մայիս, 2010թ․։

Հայ խաղաղապահները Աֆղանստանում, մայիս, 2010թ․։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2014 թվականի հունիսի 3-ին Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև:

Հայաստանի խորհրդարանն այսօր շարունակեց քննարկել Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժերի շրջանակներում խաղաղապահներ տեղակայելու համաձայնագիրը:

Հայաստանի զինված ուժերի առավելագույնը 30 հոգանոց դասակը և Իտալիայի զինված ուժերի ստորաբաժանման կազմում երկու սպա, ըստ համաձայնագրի, պետք է Լիբանանի հարավում՝ Շալմահ, Իթալբահթ և Ալմանսուրի բնակավայրերում իրականացնեն ՄԱԿ-ի երկու բազաների անվտանգության պահպանության խնդիրը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Լիբանանում հայկական զինված ուժերի խաղաղապահների ներկայությունն ապահովելու հանգամանքը կարևոր համարեց և հստակեցրեց պայմանները:

«Առաքելություններին երկրները մասնակցում են իրենց ստորաբաժանումներով, զենքով, մարտական տեխնիկայով: ՄԱԿ-ը փաստացի փոխհատուցում է այդ խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար բոլոր ծախսերը, ներառյալ՝ տրանսպորտային փոխադրումներ, սնունդ, զենք և այլ: Այդ փոխհատուցումները կատարվում են ամսական կտրվածքով և փոխանցվում են տվյալ պետության կողմից մատնանշված հաշվեհամարին», - ասաց պաշտպանության փոխնախարարը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ՄԱԿ-ի կողմից մասնակից երկրների անձնակազմին աշխատավարձ չի վճարվում, սակայն անձնակազմի յուրաքանչյուր անդամին տրվում է ամսական փոխհատուցում 1000 ԱՄՆ դոլարի չափով:

1978 թվականից գործող UNIFIL-ին (United Nations Interim Force in Lebanon) միանալով՝ Հայաստանն, ըստ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի, ձեռք կբերի նոր հմտություններ:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս իր կարծիքը հայտնեց համաձայնագրի վերաբերյալ.- «Եվս մեկ հնարավորություն է, որ Հայաստանը, արդեն իսկ 10 տարիների ընթացքում ունենալով խաղաղարար առաքելության համապատասխան փորձառություն, ավելացնի այն և իր ակտիվ մասնակցությունը և ջանքերը բերի միջազգային անվտանգությանն աջակցման ուժերի շրջանակներում: Այս անգամ` UNIFIL-ում, այսինքն ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակում ապահովի խաղաղարար գործունեություն»:

Քվեարկությունը նախատեսված է վաղը:

XS
SM
MD
LG