Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Հանրապետականը միշտ էլ գլխավոր դերակատար է լինելու»


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ըստ ԱԺ նախագահի՝ եթե իրենց կուսակցությունը նույնիսկ ընդդիմություն դառնա, միևնույն է՝ նորից մեծ դերակատարություն կունենա։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ 2017-2018 թվականներից հետո նույնպես Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կմնա իշխանության ղեկին:

Սահակյանը, ով նաև Հանրապետականի փոխնախագահն է, իր համոզմունքը ներկայացրեց լրագրողներին՝ երկուշաբթի օրը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նախատեսվում է, որ 2017 թվականին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ 2018-ին՝ նախագահական:

«Հանրապետական կուսակցությունը էն քաղաքական կապիտալն ունի, որ միշտ էլ գլխավոր դերակատար է լինելու», - հայտարարեց Սահակյանը:

Հաջորդած հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ իշխանության ղեկին 2017-2018 թվականներից հետո էլ, նա արձագանքեց․ - «Իհարկե, այսինքն՝ դուք մտածում եք՝ Հանրապետականն էլ քաղաքական էսպես պայքարի բեմից դո՞ւրս է գալու»։

Դիտարկմանը, թե գուցե ընդդիմություն դառնա, Ազգային ժողովի նախագահն այսպես պատասխանեց. - «Նորից էլի մեծ դերակատարություն կունենա»։

«Հենց հարցրեցիք՝ կխռովեն իրարից»

Խոսելով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների մասին՝ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց Հանրապետական կուսակցության հասցեին հնչող քննադատությանը, թե բարեփոխումների իրական նպատակը ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, այլ՝ այդ համակարգի միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավորինս երկարաձգելը․ - «Սովորաբար մեր իրականության մեջ մեղադրում են միայն մեղավորները, այսինքն՝ որովհետև ներքին ինչ-որ ձգտումներ ունեն։ Ես այդ հարցին պատասխանում եմ հետևյալ կերպ՝ ցանկացած կառավարման մոդել, ցանկացած քաղաքական երևույթում Հանրապետական կուսակցությունը էն քաղաքական կապիտալն ունի, որ միշտ էլ գլխավոր դերակատար է լինելու։ Էնպես որ՝ էստեղ պաշտոններ չբաժանեք»։

«Առավել ևս հարցրեք էն թիմերին, որոնք առաջներում ասում էին՝ խորհրդարանական կառավարման ձև, այսօր ասում են՝ չէ, այս անգամ թող նույնը մնա, հետագայում մենք կանենք։ Այ հարցրեք իրենց՝ եթե մնաց նույնը, այս բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը ո՞ւմ են տեսնում նախագահ, ո՞ւմ են տեսնում վարչապետ, ո՞ւմ են տեսնում նախարարներ: Հենց հարցրեցիք, կարծում եմ, որ շատ վտանգավոր երևույթի առջև կկանգնեք՝ կխռովեն իրարից և իրարից կբաժանվեն», - ասաց Սահակյանը։

«Ես՝ ինքս, որպես կուսակցական գործիչ, կողմնակից եմ կիսանախագահական [կառավարման մոդելին]», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը:

«Այսինքն՝ ոչ թե խնդիրը էստեղ վերաբերում է, թե ես ինչ կարծիք ունեմ, կամ հանրապետականները ինչ կարծիք ունեն, այլ խնդիրը վերաբերում է նրան, որ մարդիկ ասում են՝ միաբևեռ ղեկավարության պրոցեսներից անցնենք քաղաքական համակարգ ձևավորող քաղաքական ուժերի կառավարման սիստեմին։ Ես կողմ եմ կիսանախագահականին, դա իմ կարծիքն է, այսօր էլ եմ ասում, և մեզանից շատերը կան՝ կիսանախագահականի կողմնակից են, բայց որովհետև քաղաքական համակարգը ինքը գտնում է, որ քաղաքական ուժերն ավելի նրբին կկառավարեն և ավելի արդյունավետ կկառավարեն, դրա համար ասում ենք՝ քաղաքական ուժերը ներկայացրել են, մենք դեմ չենք դրան», - ասաց Գալուստ Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG