Մատչելիության հղումներ

Հավելի անվան մրցանակը՝ ադրբեջանցի իրավապաշտպանին


Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլի

Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլի

Վացլավ Հավելի անվան մրցանակին այս տարի արժանացավ Բաքվի բանտերում մեկում ազատազրկված հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլին:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս հեղինակավոր մրցանակի դափնեկրի անունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հայտարարեց երեկ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին:

Չեխիայի նախկին նախագահ, ճանաչված դրամատուրգ և ժողովրդավարության համար իր պայքարով հայտնի Վացլավ Հավելի անվան մրցանակը նշանավորում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության գործում ակնառու վաստակը:

Մրցանակը հանձնվել է Անարի հորը՝ Ասեֆ Մամեդովին:

Հինգուկես տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպանը բանտից հոր միջոցով ուղարկած իր շնորհակալական խոսքում նշել է, որ նման մրցանակի հանձնումը Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների շրջանում շատ կարևոր է, ու թեև ներկայումս այդ երկրում մարդու իրավունքները չեն հարգվում, ոտնահարվում են, բայց ի վերջո այդ ամենը երկար չի տևի:

Մամեդլին քաղաքացիական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս 1990 թվականից, երբ 19 տարեկան էր՝ ստեղծելով «Առաջադեմ երիտասարդներ» կազմակերպությունը:

Մի քանի տարի լրագրող աշխատելուց հետո Մամեդլին ստեղծում է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնը, որը տարիներ շարունակ Ադրբեջանում իրականացրել է նախագահական ընտրությունների դիտարկում և արձանագրել բազմաթիվ խախտումներ:

Մամեդլին Ադրբեջանում պայքարում էր նաև քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ, տարբեր ամբիոններից սուր քննադատում ադրբեջանական իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը:

Սա է պատճառը, որ Մամեդլիի ձերբակալությունը գնահատվում է որպես քաղաքական հաշվեհարդար, նրան հասցեագրված մեղադրանքը արևմտյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները համարում են շինծու:

XS
SM
MD
LG