Մատչելիության հղումներ

Տերյան փողոցում սպանության գործով հետախուզում է հայտարարվել


Երևանի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում անցած շաբաթ օրը տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Օհանջանյանի նկատմամբ:

«Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա․ Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա. Հարությունյանի, Ս. Սենեքերիմյանի և տնօրեն Ա. Փարսադանյանի հետ` երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Արդյունքում, ըստ նույն աղբյուրի, Հարությունյանին պատճառվել է ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք, Սենեքերիմյանին` որովայնի խոռոչի թափանցող ծանր վնասվածք, իսկ Փարսադանյանին` կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք․ վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Երեկ որոշում է կայացվել Ավետ Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («սպանություն»), և 112-րդ հոդվածի 1-ին մասով («դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG