Մատչելիության հղումներ

Կատալանացիներին հիմնականում հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք ստանալու են իրենց խոսքն ասելու իրավունք

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ոգեշնչել է աշխարհի մի շարք ժողովուրդների։ Չնայած շոտլանդացիները դեմ արտահայտվեցին անկախացմանը, բուն փաստը, որ այն տեղի ունեցավ, արդեն իսկ ոգևորել է կատալոնացիներին:

Մասնավորապես, անկախության հանրաքվե շուտով կանցկացվի նաև Իսպանիայի Կատալոնիայի երկրամասում, որի տեղական խորհրդարանը սեպտեմբերի 19-ին երկրամասի նախագահին հանրաքվե հրավիրելու արտոնություն է տվել։ Սակայն նոյեմբերի 9-ին այստեղ անկախության հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Արթուր Մասի կողմից շաբաթ օրը հրամանագրի ստորագրումից մի քանի ժամ անց Իսպանիայի կառավարությունը հայտարարեց, թե այն հակասում է երկրի սահմանադրությանը։ Կենտրոնական կառավարությունը, վարչապետ Մարիանո Ռահոյի գլխավորությամբ դիմեց Սահմանադրական դատարան, որպեսզի հանրաքվեն անօրինական ճանաչվի։ Նրա խոսքերով, որևէ մեկը թույլ չի տա, որ Իսպանիան մասնատվի։

Կատալոնիայի յոթ և կես միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը։ Կատալոնիան արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած երկրամասն է։ Այստեղ դժգոհ են, որ լինելով երկրի ամենահարուստ շրջանը, այն տառապում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ կատալոնացիների ավելի քան 43 տոկոսը կողմ է, որ Կատալոնիան անջատվի Իսպանիայից, 42 տոկոսը ցանկանում է, որ այն մնա Իսպանիայի կազմում։ Մնացյալը դեռևս չկողմնորոշվածներն են։ Երբ խոսք է գնում այն մասին, որ անկախանալուց հետո այն կարող է չմտնել Եվրոպական Միություն, անկախության կողմնակիցների թիվը նվազում է, հասնելով 38 տոկոսի, սակայն, երբ խոսքը վերաբերում է Մադրիդից Բարսելնոնին ավելի մեծ լիազորություններ և իշխանություն փոխանցելու մասին սահմանադրական փոփոխություններին, կողմ արտահայտվողների թիվն անցում է 44 տոկոսը։

Բայց այսօր կատալանացիներին հիմնականում հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք ստանալու են իրենց խոսքն ասելու իրավունք։

«Կատալոնիան ուզում է խոսել և ուզում է, որ իրեն լսեն։ Հնարավո՞ր է արդյոք մշտապես կանխել Եվրոպայի հին այս ժողովրդի ժողովրդավարական շարժումը», - հայտարարել է Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը։

Այժմ հարցը հետևյալն է, թե որքան հեռու կգնա Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հանրաքվեն կանխելու գործում, երբ կատալոնացիները, հանձինս իրենց նախագահի, հայտարարում են, թե ապագան նվեր չէ, այլ մի բան է, որը նվաճում են, ինչին և ձգտում են իրենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG