Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը


Ստրասբուրգ - Վացլավ Հավելի անվան մրցանակը այս տարի շնորհվեց ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիին:
Ստրասբուրգ - Վացլավ Հավելի անվան մրցանակը այս տարի շնորհվեց ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիին:

Նստաշրջանը մեկնարկեց մեկը մյուսին հաջորդող թեժ ելույթներով ու մեկնաբանություններով՝ Ուկրաինայից մինչև Ղարաբաղյան հակամարտություն ու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներ:

Այս վերջինը հարցն այսօր եվրոպացի պատգամավորների բարձրացրած առանցքային թեմաներից էր: Ադրբեջանում իշխանությունների կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումները խստորեն քննադատելուն զուգահեռ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ամենամյա՝ Վացլավ Հավելի անվան մրցանակը, որը շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար, այս տարի հանձնեց Ադրբեջանում 5.5 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Անար Մամեդլիին:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի շուրջ հիմնական քննարկումը կկայանա հոկտեմբերի 2-ին: Նախատեսվում է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի ելույթը: Նա խոսելու է ինչպես քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումների ու ճնշումների մասին:

Նույն օրը ելույթով հանդես կգա նաև Ադրբեջանի արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Էլմար Մամեդյարովը: Նա նաև կպատասխանի նստաշրջանի մասնակիցների հարցերին:

Այսօրվա քննարկումներում ադրբեջանցի պատգամավորների ելույթների թեման, ինչպես միշտ, Ղարաբաղյան հակամարտությունն էր: Լիագումար նիստի հենց առաջին օրը քվեարկության դրվեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերտառությամբ բանաձևի որոշման նախագիծը: Հայաստանյան պատվիրակության անդամների հորդորները մերժվեցին:

Բացահայտորեն հակահայկական այս բանաձևի տեքստը չի հրապարակվում: Նախագիծը ներկայացվել էր դեռ ամառային նստաշրջանում, հեղինակը հույն պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսն է:

Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում զգուշացրեց եվրոպացի պատգամավորներին․ - «Այս նախաձեռնությունը վնասելու է բանակցային գործընթացին ու է՛լ ավելի է սրելու կողմերի միջև առկա անվստահությունը»:

Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունն այս նստաշրջանում ևս կշարունակի իր պայքարը: Պատվիրակության անդամ Էլդար Սուլեյմանովի խոսքով՝ հարցը քննարկվելու է սոցիալական հարցերի կոմիտեում:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հիմնական թեմաները ուկրաինական ճգնաժամն ու Եվրոպայում նեոնացիզմի դեմ պայքարն է:

Օրակարգի թեմաներից է նաև Թուրքիայում կայացած ընտրությունների հարցը: Եվրոպացի պատվիրակներն ընդհանրապես առաջընթաց են նկատել Թուրքիայում ընտրությունների կազմակերպման առումով, սակայն հնչել է նաև սուր քննադատություն, մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG