Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման բացառում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ընդհարումը


Ռուսաստանի արտգործնախարարը «վերաբեռնավորման» անհրաժեշտության մասին է խոսում։

«Վաշինգտոնը առճակատում չի ուզում, բայց կպաշտպանի իր սկզբունքները»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե չի ենթադրում, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախում լինի։

«Թեպետ մենք շատ ենք աշխատել փարատելու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, այդ թվում ռազմաճակատի գծին մոտ գտնվող բալթյան փոքր երկրների մտավախությունները, օրինակ, Էստոնիայի, որը ես այցելեցի անմիջապես ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովից առաջ»,- ասել է Օբաման։

Զրուցելով «60 րոպե» հաղորդաշարի մեկնաբանի հետ, Օբաման վերստին մեղադրել է Ռուսաստանին «ավելի թույլ և տարածքով ավելի փոքր պետության` Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ագրեսիայի եղանակով խախտելու համար»։

Միաժամանակ Ամերիկայի նախագահը նշել է, որ չնայած դժվարություններին՝ դեռ կա հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու տարբերակ։

«Կողմերը հայտնել են պայմանավորվածության մասին, որի համաձայն Ռուսաստանը կշարունակի գազ վաճառել Ուկրաինային, ուստի ուկրաինացիները ձմռանը չեն մրսի, կա քաղաքական լուծման հնարավորություն»,- ասել է Օբաման։

Ըստ Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի նախնական պայմանավորվածության, առաջիկա կես տարում Ռուսաստանն Ուկրաինա կփոխադրի 5 միլիարդ խորանարդ մետր գազ, գինը` 385 դոլար հազար խորանարդ մետրի համար։

Օբաման CBS-ին ասել է, թե այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Ամերիկան կոշտ դիրք չորդեգրեր այն դեպքերում, երբ Ռուսաստանն անարդար է վարվել։ Նա ասել է, որ Վաշինգտոնը դեռ ընձեռում է Մոսկվային` միջազգային իրավունքի նորմերին վերադառնալու հնարավորություն, ինչը բխում է և Եվրոպայի, և հենց ռուս ժողովրդի շահերից։

Նա ասել է, որ Վաշինգտոնը առճակատում չի ուզում, բայց վճռականորեն պաշտպանելու է իր սկզբունքները։ Բարաք Օբաման խոսել է նաև Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների մասին, ասելով, որ «դրանք միշտ գործնական բնույթ են կրել»։

«ՆԱՏՕ-ն չի ձերբազատվել «սառը պատերազմի» մտածելակերպից»

Մինչդեռ, նախօրեին ռուս-ամերիկյան հարաբերությունների թեման է արծարծել նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Խոսելով Սանկտ Պետերբուրգի «5-րդ ալիք» հեռուստակայանի թղթակցի հետ, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ԱՄՆ-ին և Ռուսաստանին, թերևս, անհրաժեշտ է «հարաբերությունների վերաբեռնավորում», ինչպիսին եղավ այն բանից հետո, երբ Բարաք Օբամայի վարչակարգը որոշեց բարելավել Ջորջ Բուշ կրտսերի օրոք փակուղի մտած ռուս-ամերիկյան կապերը։

«Ես մշտապես շփվում եմ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, կան շփումների այլ խողովակներ, բայց մենք ի զորու չենք պարտադրել ամերիկացիներն` դառնալ մեր բարեկամը կամ գոնե լսել մեզ, մենք բացառապես շահագրգռված ենք հարաբերությունների բարելավմամբ, սակայն մենք չենք դրանք ավերել»,- ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ Օբամայի վարչակարգը հիմա ավերում է այն, ինչ ժամանակին ստեղծել է ռուսական կողմի հետ միասին։

«Ռոսիա» հեռուստակայանին տված մեկ ուրիշ հարցազրույցում Լավրովը խոսել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։ «Այն արագությունը, որով ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի ընթացքում անցավ կոշտ առճակատման, մեզ ներկայացնելով բացարձակապես անընդունելի, միակողմանի և չապացուցված մեղադրանքներ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն դեռ չի ձերբազատվել «սառը պատերազմի» մտածելակերպից»,- ասել է նա։

Լավրովի խոսքերով, «սառը պատերազմը» հիմա այլ ձևաչափ ունի։

«Այն դասական «սառը պատերազմի» ժամանակ նույնպես օգտագործվել են զանգվածային լրատվամիջոցները, բայց դա հնարավոր չէ համեմատել այսօրվա իրողության հետ, հաշվի առնելով համացանցի բոլոր հնարավորությունները»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG