Մատչելիության հղումներ

Եռյակն այս պահին «ընտրություններ պարտադրելու ծրագիր չունի»


Ի՞նչ ձևով է եռյակը ընտրություններ պարտադրելու իշխանություններին: Ի պատասխան «Ազատության» այս հարցի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, թե այս պահին այդպիսի ծրագիր չունեն, բայց դա տեսականորեն չբացառվող դրույթ է:

Կիրակի օրը Կապանում տեղի ունեցած հանրահավաքում ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել էր, որ թեև այս պահին ընտրություններ չեն նախատեսվում, բայց դրանք կարելի է պարտադրել:

«Միգուցե հարց եք տալիս դուք ձեզ՝ ի՞նչ է պատահել, որ ոչ իշխանական ուժերը միացել են, գործընթաց են սկսել, շրջաններում՝ հավաքներ, շուտով՝ Երևանում, երբ մեր առաջ չկան ընտրություններ։ Ճիշտ է՝ ընտրություններ չկան, բայց հնարավոր է ընտրություններ պարտադրել»,- ասել էր Օսկանյանը։

Վարդան Օսկանյան այսօր հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել իր այս հայտարարությունը, իսկ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես պարզաբանեց.- «Ընտրություններ պարտադրելու ծրագիր այս պահին չկա։ Դա եղել է ելույթ և տեսականորեն չբացառվող դրույթ։ Տարբեր ձևեր կարելի է գտնել։ Ինչպես գիտեք, մենք հիմա գնում ենք երկու խնդրի շուրջ ընթացող գործընթացների հետ. դա իշխանություններին ներկայացրած 12 կետանոց փաստաթուղթն է և սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացը»։

Ամեն դեպքում Ստեփան Մարգարյանի ընդգծում է՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, հատկապես որ այսօրվա խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական կարծիքը:

«Որևէ մեկը դժվար թե հավատա, որ այսօրվա խորհրդարանը արտահայտում է հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Այնպես որ ընտրությունների անհրաժեշտություն միշտ էլ կա, սակայն հիմա մենք որևէ նման քննարկում դեռ չունենք, բայց ակնհայտ է, որ անջրպետ է խորանում հասարակության և իշխանությունների միջև։ Ես չգիտեմ ինչ լուծում կլինի։ Նման դեպքերում հասունանում է արմատական լուծումների, շատ լուրջ լուծումների խնդիր։ Ինչ տեսքով կլինեն դրանք, ես դժվարանում եմ հիմա ասել»։

«Եռյակը ուզում է հանրությանը հանել փողոց»

Մինչդեռ իշխող Հանրապետականը վստահ է՝ արտահերթ ընտրության հիմքեր բացարձակապես չկան։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զգուշացնում է՝ եթե եռյակը ցանկանում է լարել ներքաղաքական իրավիճակը ապա ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե դա ինչով է հղի. դա երկիրը նորից մի քանի տասնյակ ետ գցել է նշանակում, կարծում է նա։

«Ազատություն».- Պարող Բաղդասարյան, այն ինչ ուզում է անել եռյակը, փորձելու ժողովրդի միջոցով։ Հաշվի առնելով այն լուրջ դժգոհությունները, որ այսօր կան հասարակության շրջանում, դուք բացառո՞ւմ եք, որ ժողովուրդը նման պահանջ չի դնի, ոչ թե եռյակը, այլ հենց ժողովուրդը։

Բաղդասարյան.- Հանրապետական կուսակցությունը չի բացառում այդ դժգոհությունները և դարձրել է իր քննարկման առարկա։ Դա ընդդիմությունը կամ եռյակը չպետք է ասի, որ մենք իմանանք դրա մասին։ Եվ նրանք առիթից օգտվելով՝ ցանկանում են ևս մեկ անգամ փորձ կատարել, որ հանրությանը հանեն փողոց, քաղաքականությունը Ազգային ժողովից տեղափոխեն փողոց։

«Ազատություն».- Բայց, օրինակ, տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ այսօր դուրս էին եկել փողոց։

Բաղդասարյան.- Դա առանձին խնդիր է, բայց եթե կա դժգոհություն, դա նույնպես քննարկման առարկա է։

«Ազատություն».- Հանրությանը չի հանո՞ւմ Հանրապետականը իր դեմ, օրինակ, մարզպետի պաշտոնում վերանշանակելով Սուրիկ Խաչատրյանին։

Բաղդասարյան.- Եթե մի 10-15 կարծիք միավորում եք և դարձնում ենք հանրային կարծիք, ես դրան այնքան էլ կողմնակից չեմ։ Նա բավականին հաջողակ մարզպետ է եղել ժամանակին, իսկ ինչ վերաբերում է այն քրեածին երևույթներին, որոնց մասին խոսվում է, կան համապատասխան իրավապահ մարմիններ, եթե նման երևույթներ լինեին, ինձ թվում է, որ նա արդեն իր պատիժը կրելուց կլիներ այլ տեղում։

«Ազատություն».- Շատերը՝ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ձեր գործընկեր պատգամավորներ, պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի նշանակումը պատահական չէր և կապված է հենց այդ արտահերթ հնարավոր լուծումների, սահմանադրական հանրաքվեի հետ, քանի որ Խաչատրյանը անփոխարինելի է ընտրակեղծիքների հարցում։

Բաղդասարյան.- Դուք հետաքրքիր եք, դուք լեգենդ եք սարքում Խաչատրյանին, այսինքն Սուրեն Խաչատրյանի նշանակումով լուծվում են բոլոր ընտրությունների, հանրաքվեի հարցը՞։

«Ազատություն».- Նա միշտ Սյունիքում ձեզ համար 90 տոկոս է ապահովել։

Բաղդասարյան.- Սյունիքի ժողովուրդն է ապահովել այդ ձայները։ Ես գնահատում եմ նրա աշխատանքը։ Եվ այդ աշխատանքից գոհ են եղել։

«Ազատություն».- Փաստ է, որ մարդ է սպանվել նրա որդու և թիկնապահի կողմից։

Բաղդասարյան.- Ես ցավում եմ այդ դեպքերի համար։ Իսկ սպանության պատճառները, սպանողները... ինձ թվում է, որ դրանց քննությունը պետք է այլ մարմիններում կատարվի։ Կառավարությունը, ելնելով, որ նրա դեմ մեղադրանք չկա առաջադրված, և գնահատելով նրա անցյալի աշխատանքը, տվել է իր որոշումը։

XS
SM
MD
LG