Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա / Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ


«Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիոկայանը» դիմումներ է ընդունում 2014-2015թթ․ տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:

Կրթաթոշակի նպատակն է օգնել լրագրողի մասնագիտությունն ընտրած երիտասարդներին խորամուխ լինել իրենց մասնագիտության մեջ՝ հմտանալով բազմակարծությունն ապահովելու գործում:

Ծրագրին կարող են դիմել լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Հայաստան

Կտրվի մեկ կրթաթոշակ, որը ստացող անձը լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատանքի կանցնի «Ազատության» Երևանի գրասենյակում և կթողարկի ռեպորտաժներ ու մուլտիմեդիա նյութեր` «Ազատության» փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ:

Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները, հանրային հետաքրքրություն ներկայացնող ռեպորտաժներ հրապարակել, ստանալ անկախ լրատվամիջոցի դերի և գործառույթների մասին գիտելիքներ, ինչպես նաև ներդրում ունենալ իր երկրում ազատ մամուլի զարգացման գործում:

Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով, այն նախատեսվում է սկսել 2014թ․ նոյեմբերի 1-ին: Կրթաթոշակը ներառելու է մեկշաբաթյա այց
«Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:

Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական ֆիքսված թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվի Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը:

Ինչպես դիմել

Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 10-ը hokuvovaj@rferl.org հասցեով ուղարկել հետևյալ նյութերը․

- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից, նրա լրագրողական փորձը, որի հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:

-Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը,
կրթությունը և լեզվական ունակությունները (անգլերենի վարժ իմացությունը պարտադիր պայման չէ):

- Անցած 12 ամիսներին հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ:

Դիմումի ներկայացումից զատ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցի անձամբ, կամ Skype-ի/հեռախոսի միջոցով:

Ընտրությունը


Ընտրվելու դեպքում հաջողակ դիմորդին այդ մասին տեղյակ կպահեն հոկտեմբերի 15-ին:

Հարցերի համար կարող եք դիմել hokuvovaj@rferl.org հասցեով:

XS
SM
MD
LG