Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում է՝ հաստատակամորեն օժանդակելու երկրի զարգացմանը: Այս մասին ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկը այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաքելությունն իրականացնելու համար Քլարկը կարևորել է Հայաստանի կառավարության հետ երկրի զարգացման գերակայությունների քննարկումը: Սարգսյանն էլ ընդգծել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը։

ՄԱԶԾ կառավարիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների գործունեությանը Հայաստանի ակտիվ և շահագրգիռ մասնակցության, այդ թվում՝ կազմակերպության խաղաղապահ գործողություններին մասնակցելու որոշման համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին Հայաստանի հանգանակության և Սիրիայի ճգնաժամի հետևանքով այդ երկրից Հայաստան տեղափոխված հազարավոր սիրիացիների աջակցության, ՄԱԿ-ի նոր օրակարգի մշակմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության համար, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:

Այսօր Հելեն Քլարկին ընդունել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները խորը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Այս առումով Նալբանդյանը ողջունել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևը, որն ուրվագծում է ծայրահեղականների դեմ պայքարի հիմնական ուղղությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG