Մատչելիության հղումներ

Սպանություն Տերյան փողոցում


Անցած շաբաթ օրը ժամը 23:10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Երևանի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից, կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել երկու անձ` 56-ամյա Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 39-ամյա Ա. Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («սպանություն») և 112-րդ հոդվածի 1-ին մասով («դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG