Մատչելիության հղումներ

Նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչն ասում է՝ Մարզահամերգայինը զորամասի կարգավիճակ է ստացել


Ըստ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային նախկին սեփականատերերի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանի՝ համալիրը պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո վերանվանվել է Ծիծեռնակաբերդի համալիր և ստացել է զորամասի կարգավիճակ։

«Կարեն Դեմիրճյան բառը դուրս է եկել»,- ասաց Գրիգորյանը։

Այս տեղեկության վերաբերյալ մանրամասներ այսօր չհաջողվեց ճշտել պաշտպանության նախարարությունից։ Սակայն նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է՝ գրել է, որ Կ.Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի հետ կապված «անհիմն ու պրովոկացիոն խոսակցություններին չեն արձագանքում»:

Պաշտպանության նախարարության, պետական այլ մարմինների և համալիրի սեփականատերերի միջև տարաձայնություններ սկսվեցին այն բանից հետո, երբ համալիրի սեփականատեր հանդիսացող Մուրադյան ընտանիքը սեղմ ժամկետում չէր կարողացել մարել մոտ 25 միլիոն դոլար պարտքը, ինչի պատճառով համալիրը հանվել էր աճուրդի։

Արդեն 5-րդ անգամ հայտարարված աճուրդից հետո համալիրը որպես գույք պարտքի դիմաց տրվեց պետությանը։ Վերջին աճուրդի ժամանակ համալիրը գնահատվել էր մոտ 31 միլիոն դոլար։ Մինչդեռ համալիրի արդեն նախկին սեփականտիրոջ ներկայացուցիչը պնդում է, որ իրենք շենքի վրա կատարել էիր մոտ 50 միլիոն դոլարի ներդրում, չհաշված այն գումարը, որ վճարել էին համալիրը գնելու համար։

25 միլիոն դոլարի պարտքը մարելու համար սեփականատերերը լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ ևս 2 տարի, ինչին պետական մարմինները չեն համաձայնել։ Այժմ, ըստ Կորյուն Գրիգորյանի, պետությունը խլել է նրանցից համալիրը։ Նրանք այժմ դիմել են Վարչական դատարան, հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո կգնան նաև Եվրոպական դատարան։

«Խլելը էլ ուրիշ ո՞նց է լինում, էն դեպքում, երբ մեր պայմանագրում ի սկզբանե գրված էր, որ ժամկետը երկարացնելու իրավունք ունենք մենք»,- ասաց Գրիգորյանը։

Պաշտպանության նախարարությունը ըստ նախկին սեփականատիրոջ ներկայացուցչի, նաև յուրացրել է համալիրին չպատկանող միլիոնավոր դոլարների գույք, որն այժմ համալիրում է, սակայն նախարարության տեղադրած կողպեքներից այն կողմ։

Համալիրը 2005 թվից մինչև այսօր հաջողացրել է 25 միլիոն դոլարի պարտք կուտակել ու չմարել, որովհետև տարեկան հսկայական այդ կառույցը պահպանելու, աշխատավարձեր վճարելու համար անհրաժեշտ էր մոտ 1 միլիոն դոլար, իսկ Հայաստանում մարդիկ գումար չունեն համերգ գնալու համար, բացատրում է Կորյուն Գրիգորյանը։

«Հիմա երբ ունենք արտագաղթ, կիսասոված, կիսամերկ ժողովուրդ, մի երկիր, որտեղ ժողովրդի աշխատավարձի 70 տոկոսը գնում է կոմունալ վճարումներին, էս պայմաններում ամեն մարդ կարո՞ղ է վճարել 20-30 հազար դրամ մի տոմսի համար ու գա համերգ։ Դրսից եկած ցանկացած համերգի տոմս այդքան արժե։ Շենքը չի կարողանում շահագործվել ոչ թե մեր սխալների պատճառով, այլ երկրի ծանր սոցիալական պայմանների պատճառով»,- ասաց Գրիգորյանը։

XS
SM
MD
LG