Մատչելիության հղումներ

Մարզերում Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումներն ավարտվել են


Մինչդեռ մեր այցելած Արմավիր քաղաքում շատ-շատերը քննարկումների մասին չէին լսել, քարոզիչներին չէին տեսել։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հայտարարում է, թե ամիսներ շարունակ մարզից մարզ շրջելով՝ ավարտել է քննարկումները Մայր օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ։ Մինչդեռ մեր այցելած Արմավիր քաղաքում շատ-շատերը քննարկումների մասին չէին լսել, քարոզիչներին չէին տեսել։

Արմավիրում քննարկումների պատասխանատուն մարզպետարանի աշխատակազմն է եղել: Աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փառանձեմ Կարապետյանն ասում է, թե լեփ-լեցուն դահլիճում ոմանք անգամ ոտքի վրա են լսել պարզաբանումները․ իրենք հավաքել են ավելի քան 200 մարդու՝ հիմնականում պետական կառույցների, գյուղապետարանների ներկայացուցիչների: Հստակ հիշում է անգամ, թե սահմանադրական փոփոխություններով հետաքրքրված արմավիրցիները ինչ հարցեր են ուղղել Երևանից եկած մասնագետներին:

«Կառավարման պառլամենտական ձևից հետո նախագահի ինստիտուտի, նախագահի կարգավիճակին վերաբերող հարցադրումներ եղան, վարչապետ, նախագահ, Ազգային ժողովի նախագահ եռյակի մեջ իշխանության թևերի հետ կապված հարցադրում եղավ՝ ինչպես է տեղի ունենալու իշխանության բաժանումը թևերի մեջ, հավասարակշռումը», - ասում է Փառանձեմ Կարապետյանը:

Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան պնդում է, որ քննարկումներից գոհ են եղել բոլորը՝ պատասխանները սպառիչ էին։ Հարցին, թե կա՞ր դահլիճում որեէ քննադատություն կամ արդյոք որևէ մեկը դժգոհե՞լ է սահմանադրական փոփոխություններից ընդհանրապես, Կարապետյանը պատասխանեց՝ վիճահարույց միակ հարցը եղել է խորհրդարանական մոդելին անցնելու հեռանկարը:

«Ոնց որ ավելի շատ ուզենան տեսնել ուժեղ նախագահ ու չպատկերացնեն պառլամենտական կառավարման մոդելը», - պատմեց նա:

Մի քանի ժամ տևած քննարկմանը, պաշտոնյայի խոսքով, իշխող Հանրապետականից բացի, մասնակցել են նաև ոչ իշխանական ուժերի՝ Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներ։ - «Բայց ընդգծված ընդդիմադիր չենք ունեցել», -խոստովանում է Կարապետյանը:

Հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, մինչդեռ, վստահ են՝ ցանկության դեպքում կազմակերպիչները կարող էին լսել նաև ընդդիմադիր կարծիքներ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում գրասենյակը ավելի քան մեկ տասնամյակ է՝ ակտիվ գործում է Վանաձորում, հանրային որևէ քննարկման մասնակցելու հրավեր չի ստացել: «Լսումներն անցել են փակ սենյակներում: Սովորական քաղաքացին նախ տեղյակ չէ երկրի հիմնական օրենքի վեևրաբերյալ քննարկումներին, նախագծերի բովանդակությանը տեղյակ չէ, և ընդհանրապես ներգրավված չէ, որպես այդպիսին: Դրանք պալատական միջոցառումներ են, պալատի անդամների շրջանակներում՝ իրենց համար», - ասում է նա՝ տարակուսելով՝ ինչպես կարելի է լսումներ անցկացնել մի լսարանի հետ, որի ձեռքերում փոփոխությունների որևէ փաստաթուղթ չկա:

Արտաշատի իրավապաշտպան ասոցիացիայի ղեկավար Արուս Հովհաննիսյանը մեզնից իմացավ անցկացված քննարկման մասին։ Չզարմացավ, ասաց՝ ինքը ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս ու դժվար թե իրեն հրավիրեին։

«Մենք կուզենայինք, թող հրավիրեին, բայց ես գիտեմ՝ չեն հրավիրի», - ասաց նա:

Հանրային կոչված քննարկումներին շատ դեպքերում չեն հրավիրվել նաև տեղական լրատվամիջոցները։

Վանաձորում գործող Լոռի TV-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանն ասում է, որ թե՛ իր, թե՛ քաղաքում գործող մյուս երկու հեռուստաընկերությունները չեն լուսաբանել դրանք։ Նույնը ասաց նաև Հրազդանի հեռուստաընկերության ղեկավար Մնացական Հարությունյանը։

«Վանաձորցիները իսկապես բոլորն անտեղյակ են, որովհետև լայն հասարակությունը պետք է տեղեկանար այս միջոցառման մասին տեղական լրատվամիջոցներից, տեղական հեռուստաընկերությունների եթերից, որը տեղի չի ունեցել», - ասում է Լոռի TV-ի գործադիր տնօրենը:

XS
SM
MD
LG