Մատչելիության հղումներ

Ռուսական գազի գինը` Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ եռակողմ բանակցությունների թեմա


Ռուսական գազի գինը` Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ եռակողմ բանակցությունների թեմա
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Գալիք ձմռան շեմին Ռուսաստանը նպատակ ունի Ուկրաինայի դեմ կիրառել ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ լծակներ: Այս մասին Նյու Յորքում Reuters-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Նրանք ցանկանում են, որ մենք ցրտահարվենք: Սա ևս մեկ հաղթաթուղթ է Ռուսաստանի ձեռքում»,- հայտարարեց ուկրաինական կառավարության ղեկավարը:

Յացենյուկի հայտարարությունը հնչեց այսօր` Բեռլինում մեկնարկող եռակողմ բանակցությունների մեկնարկից հաշված ժամեր առաջ: Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները Գերմանիայի մայրաքաղաքում քննարկում են Ուկրաինա մատակարարվող ռուսական գազի վերջնական գնի հարցը:

Այս խնդրի շուրջ կողմերը վերջին անգամ բանակցել էին ամռանը` այդպես էլ չհանգելով որևէ ընդհանուր հայտարարի: «Գազպրոմ» ընկերությունը 1000 խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինայից պահանջում է վճարել 485 դոլար: Ուկրաինական «Նաֆտոգազ»- ը պնդում է, թե գազի իրատեսական գինը 326 դոլար է:

Այս տարաձայնությունների պատճառով արդեն երրորդ ամիսն է ինչ «Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինա: Փոխարենը Ուկրաինան սկսել է գազ ներկրել Սլովակիայից, Լեհաստանից և Հունգարիայից: Դա իրականացվում է այսպես կոչված ռեվերսային մատակարարումների միջոցով: Արևելաեվրոպական այս երեք պետությունները Ռուսաստանցի և մի շարք այլ պետություններից ստացվող գազը արդեն իսկ գործող խողովակաշարերով հետ են մղում Ուկրաինա՝ ապահովել այդ երկրի էներգետիկ կարիքները: Այս մեխանիզմը սակայն ևս վտանգված է:

«Հունգարիան դադարեցրել է գազի ռեվերսային մատակարարումները «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի և վարչապետ Վիկտոր Օրբանի միջև սեպտեմբերի 22-ին Բուդապեշտում կայացած բանակցություններից հետո»,- գրում է Կիևում լույս տեսնող Украинская Правда-ն:

Թերթի տեղեկություններով Հունգարիան իր այս քայլը պատճառաբանել է ներքին պահանջարկի ավելացմամբ: «Սա բավական տարօրինակ պատճառաբանություն է, քանի որ ջերմաստիճանի կտրուկ անկում Հունգարիայում վերջին օրերին չի նկատվել»,- նշում է ուկրաինական պարբերականը:

Ինքը` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, երկրի հանրային ռադիոյի առավոտյան եթերում այսօր նշել է, թե Բուդապեշտի առաջնահերթությունը առաջիկա ձմռան շեմին սեփական գազային կարիքները հոգալն է:

«Հունգարիան չպետք է տուժի Ռուսաստանի և Ուկրաինայի շարունակվող հակամարտության պատճառով»,- նշել է Օրբանը:

Գազամատակարարման հետ կապված անորոշության ֆոնին նոր տեղեկություններ են ստացվում Մոսկվայի կողմից ուկրաինական ուղղությամբ կիրառվող դիվանագիտական ճնշումների մասին: Financial Times-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահը օրերս նամակով դիմել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին` զգուշացնելով, որ եթե Ուկրաինան ձեռնամուխ լինի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կյանքի կոչելուն, պաշտոնական Մոսկվան կդիմի կտրուկ պատասխան քայլերի:

Ըստ պարբերականի՝ Պուտինի նամակում գրված է.- «Մեր համոզմամբ՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրում անհրաժեշտ է հիմնարար փոփոխություններ կատարել: Դրանք պետք է հաշվի առնեն ռուս-ուկրաինական տնտեսական հարաբերությունների և ռուսական տնտեսության համար առկա այն բոլոր ռիսկերը, որոնք ծնում են պայմանագրի մի շարք դրույթները: Դա թույլ կտա պահպանել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև առկա առևտրատնտեսական կապերի մակարդակը»։

Պուտինը, ըստ նույն աղբյուրի, առաջարկել է մինչև Եվրամիություն-Ուկրաինա պայմանագրի ուժի մեջ մտնելը` այսինքն մինչև 2015 թվականի վերջը, հատուկ բանակցային խմբեր ձևավորել, որոնք կքննարկեն Բրյուսելի և Կիևի միջև կնքված համաձայնագրի փոփոխության հնարավորությունը:

XS
SM
MD
LG