Մատչելիության հղումներ

logo-print

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են խորհրդարանական կառավարման վերաբերյալ հարցեր


Հանձնաժողովը հրաժարվել է նախագահի և խորհրդարանի համաժամանակյա ընտրության տարբերակից:

Անցյալ շաբաթ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ երրորդ հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները Փարիզում քննարկել են առավելապես կառավարման համակարգի վերաբերյալ հարցերը:

«Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը փոխանցեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:

«Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումից առաջ հանձնաժողովը որոշակի փոփոխություններ կատարեց հայեցակարգի նախագծում: Մենք նշել ենք, որ եթե լինի քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն, ապա այն հիմնախնդիրները, որոնք, ըստ հանձնաժողովի, չեն կարող լուծվել գործող կառավարման համակարգում, իրենց արդյունավետ լուծումը կարող են ստանալ խորհրդարանական համակարգի պայմաններում: Եվ արդեն մենք մեր հայեցակարգի նախագծում հիմնական անդրադարձը խորհրդարանական համակարգին ենք կատարում», - ասաց Վարդան Պողոսյանը:

Խորհրդարանի և նախագահի ընտրությունը նույն օրը չի լինի

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն, ըստ Վարդան Պողոսյանի, հրաժարվել է խորհրդարանի և նախագահի միաժամանակյա ընտրության տարբերակից․ - «Երբ նախագահի և ԱԺ ընտրությունները տեղի են ունենում միևնույն օրը, հավանականությունը մեծ է, որ նույն քաղաքական ուժերը ստանան մեծամասնություն»:

Անդրադառնալով նախագահի ընտրության չափանիշներին՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ առայժմ հստակ չեն նշում, թե քանի տարի պիտի պաշտոնավարի նախագահը: Սահմանադրական իրավունքի մասնագետն ընդգծեց, որ նախագահի լիազորությունների ժամկետը պետք է գերազանցի Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը:

«Շատ խիստ պահանջ չենք դնում, որ նախագահը չլինի կուսակցության անդամ, բայց միևնույնն է՝ շեշտում ենք, որ պետք է լինի վերկուսակցական, և ենթադրվում է, որ հանրապետության նախագահը, նույնիսկ եթե կուսակցության անդամ է, իր պաշտոնավարման ընթացքում պետք է կասեցնի կուսակցությունում իր գործունեությունը»,- ասաց նա։

«Ժամկետային առումով այդ պահանջը նշում ենք, որովհետև պառլամենտական համակարգի բնորոշ գծերից մեկը կայանում է նրանում, որ հանրապետության նախագահը հանդես է գալիս որպես անաչառ արբիտր, և նրա լիազորությունների ժամկետը չպետք է համընկնի Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի հետ, բայց կլինի 6 թե 7 տարի, դա արդեն սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման փուլում որոշում կկայացնենք», - ասաց Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչը, ի պատասխան պատգամավորների լիազորության ժամկետը և թիվը փոխելու հավանականության վերաբերյալ հարցին, ասաց, որ տվյալ քննարկման ժամանակ դրանց անդրադարձ չի եղել, սակայն չբացառեց, որ մշակման երկրորդ փուլում դրանց կանդրադառնան. - «Օրինակ, իմ անձնական կարծիքով՝ 131 պատգամավորը պարզապես շատ-շատ է մեր փոքրաթիվ պետության համար»:

Համամասնական ընտրակարգի հարցը կքննարկեն հոկտեմբերին

Վարդան Պողոսյանի փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամները որևէ հստակ նախընտրություն չեն առաջադրել Ազգային ժողովի ընտրության կարգի հետ կապված:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սահմանադրությամբ հստակ չնշվի հարյուր տոկոսանոց համամասնականի անցնելու մասին, Վարդան Պողոսյանն արձագանքեց․ - «Ես չեմ բացառում նման հնարավորությունը, չնայած կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի դա ուղղակիորեն նշվի Սահմանադրության մեջ, առավել ևս, եթե մենք անցում ենք կատարելու խորհրդարանական համակարգին: Ես վստահ չեմ, որ դա կլինի, ես սա ասում եմ որպես մասնագետ, քաղաքացի»:

«Ի վերջո այս հարցը կլուծվի սահմանադրական բարեփոխումների երկրորդ փուլում, երբ նախագծի վրա ուղղակի աշխատանքները կկատարվեն: Հոկտեմբերի 15-ից հետո, երբ հանձնաժողովը հայեցակարգը կներկայացնի նախագահին, նախագահը պետք է քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնի ուժերի հետ և, բնականաբար, դրանց արդյունքները իրենց դերակատարումը պետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների երկրորդ փուլի վրա», - ասաց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչը:

Վարդան Պողոսյանի խոսքով, հոկտեմբերի 15-ից հետո, քննարկումների հետևանքով հայտնի կդառնա՝ դատական համակարգը եռաստիճա՞ն կմնա, թե՝ երկաստիճան կդառնա, երդվյալ ատենակալների ինստիտուտը կներդրվի՞, թե՝ ոչ:

XS
SM
MD
LG