Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության մասին օրենքում ՀԱԿ-ի առաջարկած փոփոխությունը կրկին մերժվեց


Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ անգամ բացասական եզրակացություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների առաջարկած փոփոխություններին, որով առաջարկվում է նախագահին զրկել արտակարգ դրության ժամանակ զինված ուժեր կիրառելու հնարավորությունից:

2012 թվականին ընդունված այս օրենքով, հիշեցնենք, եթե արտակարգ դրության ժամանակ Ոստիկանության և Ազգային անվտանգության ուժերը չեն բավարարում, Հայաստանի նախագահը ստանում է բանակը ներգրավելու հնարավորություն:

Առաջարկվող փոփոխություններին ընդդիմացողները հանրապետականներն էին, ներկայացնողը՝ նախկին զինդատախազ, Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Գագիկ Ջհանգիրյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց՝ նախապես իմանալով քվեարկության արդյունքները, եկել է ապացուցելու՝ իշխանության բացասական դիրքորոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական:

«Ինչ ապօրինություններ գործել ենք Մարտի 1-ի նախօրյակին և հետո, հետագա բոլոր օրենքներով փորձել ենք դրանց օրինական տեսք տալ: Մի քանիսը թվարկեմ՝ դուք նայեք՝ «Նախագահի մասին օրենքում» փոփոխություններ են կատարել, որպեսզի հիմնավորենք, որ այո՛, կարող էինք նախագահի թևերը բռնել և հարկադրել, նրան տեղափոխել տուն: Հավաքների մասին նոր օրենք ենք ընդունել, որտեղ գրել ենք, որ կարող ենք ցրել խաղաղ հավաքը այս-այս դեպքերում: Բերել-ընդունել ենք իրավական դրության արտակարգ ռեժիմի մասին օրենք, որպեսզի Մարտի 1-ի Քոչարյանի ապօրինի հրամանագիրը օրինականացնենք, ու հիմա էլ ատամներով պաշտպանում ենք», - հայտարարեց Ջհանգիրյանը:

Պատգամավորը կարծում է՝ 2008-ի իրադարձություններից հետո ընդունված այս օրենքի կիրառումը հակասահմանադրական է:

Օրենքով ամրագրված է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովվելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները։

«Բնական, տարերային ու տեխնոգեն աղետների դեպքում՝ խնդրեմ, օգտագործեք»,-համաձայն է Ջհանգիրյանը, բայց՝ ոչ ավելին․ - «Այլապես պիտի գրենք՝ Հանրապետության նախագահը թագավոր է, ինչ ուզի՝ կանի, վերջ»:

Զինված ուժերի խնդիրը միայն Հայաստանի պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից, այն էլ, ասաց Ջհանգիրյանը, ռազմական դրություն հայտարարելուց հետո միայն:

Ջհանգիրյանի փաստարկներին հակադարձելու գործն անձամբ իր ուսերին վերցրեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ասաց՝ իշխանության դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ են առաջարկներին։ Խորհուրդ տվեց վեճը լուծել Սահմանադրական դատարանում:

«Հույս դնել, կամ ասել՝ արեք գնանք Սահմանադրական դատարան․․․ բայց գիտե՞ք ով է ասում միշտ ասում՝ գնանք դատարան: Մենք էլ ենք եղել, չէ՞, պաշտոնյաներ: Ասում էիր՝ բողոքում ե՞ք, պարոն Հակոբյան, դիմեք դատարան: Է՜, գիտեի՝ դատարանը չի կանգնելու պարոն Հակոբյանի կողքին: Հիմա էլ դու ասում ես՝ դիմենք Սահմանադրական դատարան: Հովիկ ջան, մենք էդ տարիքից դուրս ենք եկել, որպեսզի հավատանք», - հայտարարեց նախկին զինդատախազը:

Հանրապետականի միահամուռ «ոչ»-ից հետո հարցն այնուհանդերձ փակված չէ․ այն կքննարկվի նիստերի դահլիճում՝ եկող երեքշաբթի օրը ընդդիմադիրներին տրված արտահերթ հարցի իրավունքով, ասաց Ջհանգիրյանը։

XS
SM
MD
LG