Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի հայ համայնքին վերադարձվել է 42 հազար քմ տարածք Ստամբուլում


Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42 հազար քառակուսի մետր տարածքը վերադարձնել հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամին:

Ermenihaber.am կայքի փոխանցմամբ՝ այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը:

Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի և հայցով դիմելով դատարան: Ինչպես տեղեկացրել է թուրքական «Վաթան» պարբերականը, դատարանը չի բավարարել քաղաքապետարանի հայցը` որոշում կայացնելով հայկական հիմնադրամի օգտին:

Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 միլիոն լիրա (շուրջ 180 միլիոն դոլար): Ըստ Շիրինօղլուի` վերադարձված տարածքում հնարավոր է կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Հարցը դեռ քննարկման կդրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում: Ինչ էլ կառուցվի՝ ստացված շահույթը ծառայեցվելու է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին:

Զեյթինբուրնուի նշյալ տարածքը հայկական համայնքից խլվել էր դեռևս 1964 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց հաջողության չէին հասել: Զեյթունբուրնուի քաղաքապետարանը դատարանի միջոցով կարողացել էր 1987-ին իր հաշվեկշռի մեջ գրանցել Թուրքիայի Հիմնադրամների խորհրդի ենթակայության տակ անցած հայկական տարածքը: Եվ վերջապես այժմ այն արդեն վերադարձվել է իր իսկական տերերին:

Հիշեցնենք՝ 2011-ի օգոստոսին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է դեկրետ, համաձայն որի նախկին տերերին պետք է վերադարձվի 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG