Մատչելիության հղումներ

Կենտրոնի թաղապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել


Երևանի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայության փոխանցմամբ, ըստ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նյութերի՝ Գ. Սարգսյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում «Կենտրոն Մաքրություն» ընկերության աշխատակիցները, օգտվելով իրենց գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունից, 2008-2013 թվականներին ձևականորեն գրանցել են աշխատանքի չհաճախող շուրջ 115 հավաքարարների և այլ աշխատակիցների, սակայն չեն կատարել պայմանագրով նախատեսված շուրջ 132 փողոցների ամենօրյա սանիտարական մաքրման աշխատանքները: Մինչդեռ Սարգսյանը, ասված է հաղորդագրությունում, իր ստորագրությամբ հաստատել է կեղծ կատարողական ակտեր, ըստ որոնց՝ «Կենտրոն Մաքրություն»-ը կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքները, որի հիման վրա էլ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի բյուջեից ստացել է շուրջ 298 միլիոն դրամ (շուրջ 730 հազար դոլար):

Արդյունքում, Սարգսյանի՝ իր լիազորությունները դիտավորությամբ չկատարելու հետևանքով «Կենտրոն Մաքրություն» ընկերության ղեկավարության կողմից հիշյալ առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակվել է՝ պետության օրինական շահերին պատճառելով ծանր վնաս, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով, որով մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտոնյային, նախատեսված է ազատազրկում երկուսից մինչև վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG