Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար ծրագիր է մշակվում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Եվրամիությանը անդամակցելու ծրագիր, մոտ ապագայում լյուստրացիայի օրենքի կիրառում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու հորդորեր. ահա սրանք են Ուկրաինային վերաբերող վերջին նորությունները:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենոկոն արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպմանը, ասել է, որ «Ռազմավարություն 2020» կոչված գործողությունների պլան է ներկայացնելու, որն ընդգրկում է քաղաքական, սոցիալական ու տնտեսական ոլորտներին առնչվող շուրջ վեց տասնյակ բարեփոխումներ ու ծրագրեր:

Նա ասել է, որ այսօր ավելի ուշ ներկայացվելիք այդ ծրագիրը Ուկրաինային հնարավորություն կտա Եվրամիությանը առաջիկա 6 տարիների ընթացքում անդամակցելու հայտ ներկայացնել։

Ուկրաինայի նախագահը այսօր նաև մամուլի ասուլիս է տվել՝ նշելով, որ «Ռազմավարության 2020» ծրագրով նախատեսված բարեփոխումները պետք է հետևողականորեն իրականացվեն և ազդեցություն ունենան բոլոր ոլորտների՝ քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտների վրա:

«Այդ 60 բարեփոխումները և հատուկ ծրագրերը պետք է կյանքի կոչվեն միաժամանակ»,- ասել է նա:

Այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը և համապարփակ առևտրի պայմանգիրը: Ուկրաինայի խորհրդարանը ասոցացման համաձայնագիրը վավերացրել է սեպտեմբերի 16-ին, սակայն համաձայնագրի առևտրին վերաբերող մասի կիրառումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հունվարը։

Լյուստրացիա

Լյուստրացիայի օրենքը մոտ ապագայում կիրառելու Ուկրաինայի իշխանությունների ցանկությունը նշանակում է բացահայտել ու ազատվել պետական կառավարման, հասարակական գործունեության մեջ խցկված գործակալներից, ինչպես նաև կոռուպցիոն գործարքների մասնակիցներից և անօրինական եկամուտներ ունեցող պաշտոնյաներից:

Այսօր Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է սեպտեմբերի 16-ին ընդունված օրենքը: Այս օրենքով ստուգվելու են ավելի քան 1 միլիոն չինովնիկներ, պաշտոնյաներ, այդ թվում՝ կառավարության անդամներ:

Ուկրաինայի իշխանությունները ձգտում են օրենքը կիրառելու միջոցով ազատվել ռուսամետ անջատականների, ինչպես նաև Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կամ այլ կառույցների հետ կապ ունեցող մարդկանցից:

Կոռուպցիայի ու կաշառակերության մասով օրենքը նախատեսում է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կարողանա հիմնավորել իրենց եկամուտների աղբյուրները, 10 տարի իրավունք չեն ունենա պետական պաշտոն զբաղեցնել:

Ուկրաինայի խորհրդարանի նախագահը լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների հետ կայացած մամուլի ասուլիսում երկրի նախագահին կոչ է արել օրենքը ուժի մեջ մտնելու համար այսօր ստորագրել այն:

Պատժամիջոցներ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանի դեմ շարունակել պատժամիջոցները այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի վերահսկի Ուկրաինայի ամբողջ տարածքը, այդ թվում՝ Ղրիմը:

«Մինչև ատամները զինված մի երկիր պարզապես որոշել է զավթել անկախ Ուկրաինայի տարածքը: Մենք գիտենք, որ դա նշանակում է ահաբեկչություն: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ քաշել իր ուժերը, հետ քաշել հրետանին, դադարեցնել մատակարարումները Ռուսաստանի հովանու ներքո գործող ահաբեկիչներին և խաղաղության համար իրական բանակցություններ սկսել»,- ասել է Յացենյուկը:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց շատ դժվար է դրան հասնել զենքի փողի տակ, ռուսական արտադրության զենքի տակ: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին շարունակել պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինան չի վերահսկի իր ամբողջ տարածքը՝ սկսած արևելյան շրջաններից, վերջացրած Ղրիմով: Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի մաս»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG