Մատչելիության հղումներ

Պուտինը՝ «բարոյական հեղինակություն»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Նովոռոսիյսկի նավահանգստում ողջունում է «Փոխծովակալ Կուլակով» ռազմանավի անձնակազմը, 23-ը սեպտեմբերի, 2014թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Նովոռոսիյսկի նավահանգստում ողջունում է «Փոխծովակալ Կուլակով» ռազմանավի անձնակազմը, 23-ը սեպտեմբերի, 2014թ.

Ռուսաստանցիների 60 տոկոսի համոզմամբ՝ հայտնի մարդկանց շրջանում կան «բարոյական հեղինակություններ»։

«Հասարակական կարծիքի հիմնադրամի» անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 36 տոկոսը «բարոյական հեղինակություն» է համարում նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այդ ցուցակում հարցվածների համապատասխանաբար 6 և 5 տոկոսի կարծիքով՝ «բարոյական հեղինակություն» են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն։

Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն հարցվածների 4 տոկոսն է անվանել «բարոյական հեղինակություն»։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և կինոբեմադրիչ Նիկիտա Միխալկովը 3-ական տոկոս են վաստակել, իսկ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը` 2 տոկոս։

Մեկական տոկոս հավաքած հայտնի մարդկանց շարքում են Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, լրագրողներ Վլադիմիր Սոլովյովն ու Վլադիմիր Պոզները։

Հարցվածները հիշատակել են գրող Ալեքսանդր Սոլժենիցինին, գիտնական Անդրեյ Սախարովին, երգչուհի Լյուդմիլա Զիկինային և ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին։

30 տոկոսը ենթադրում է, որ անցյալ դարի 70-80-ական թվականների համեմատությամբ Ռուսաստանում այսօր «բարոյական հեղինակությունների» թիվը տոկոսով աճել է։

Հարցվածների կեսից ավելին` 55 տոկոսը կարծում են, որ հենց իրենք են «բարոյական հեղինակություն» իրենց բարեկամների, մտերիմների կամ գործընկերների համար։

35 տոկոսը համոզված են, որ «բարոյական արժեքներով առաջնորդվող մարդիկ ավելի հեշտ են ապրում նման արժեքներ չունեցողների համեմատությամբ»։

Ի՞նչն է Պուտինին «բարոյական հեղինակություն» համարելու հիմքում։ Նախորդ հարցումները վկայում են, որ ռուսաստանցիները նշել են նրա նախագահության օրոք միջազգային ասպարեզում երկրի դիրքերի և պաշտպանության ամրապնդումը։

Որոշ փորձագետներ, մինչդեռ, կասկածի տակ են դնում այդօրինակ հարցումների արժանահավատությունը։ «Սոցհարցումներ հիմա Ռուսաստանում չկան, դրանք ընդամենը արտացոլում են կենտրոնական հեռուստակայաններով տեսածի ընկալումը», - ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան և The New Times հանդեսի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG