Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական ջոկատներ է ստեղծում


Առաջիկա ամիսներին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը պատրաստվում է զինել քաղաքացիական բնակչությանը:

Այս մասին հայտնի դարձավ չորեքշաբթի երեկոյան, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Իլհամ Ալիևի՝ երկրի սահմանների պաշտպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագրի տեքստը:

«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կամավորական պարեկային ջոկատների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամալրվեն Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շփման գծին հարող շրջանների բնակիչներից»,- նշված է Ալիևի հրամանագրում:

Հուլիսին շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների ակտիվացմանը զուգահեռ Հայաստանում ևս կարծիքներ էին հնչում, որ հարկավոր է սահմանամերձ շրջանների բնակիչներից կամավորական ջոկատներ ձևավորել, որոնք կանոնավոր բանակի ստորաբաժանումների հետ միասին ձեռնամուխ կլինեն սահմանային գյուղերի պաշտպանությունը: Սերժ Սարգսյանը, սակայն, հուլիսի 24-ին՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ կտրականապես դեմ հանդես եկավ այս գաղափարին:

Երեկ ստորագրած հրամանագրով Ալիևը չի սահմանափակվել միայն շփման գծին հարող գոտու բնակիչներից կազմված կամավորական ջոկատների ստեղծման մասին որոշմամբ: Ադրբեջանի նախագահը նաև հրահանգել է երկրի կառավարությանը եռամսյա ժամկետում «Ռազմական դրության մասին» նոր օրենք մշակել` 1994 թվականից գործող օրենքի փոխարեն:

Բացի այդ Ալիևը հրահանգել է սեղմ ժամկետներում` ընդամենը մեկ ամսում, իրեն ներկայացնել միջոցառումների ցանկը, որոնց իրագործման դեպքում հնարավոր կլինի խստացնել այն անձանց պատիժը, ովքեր ռազմական ոլորտում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կհրապարակեն:

«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հատուկ պաշտպանական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև զորամասերի ստրատեգիական, օպերատիվ և զորահավաքային տեղակայման մասին տեղեկությունների տարածումը կանխելու, զինված ուժերի ստորաբաժանումների կազմակերպական կառուցվածքի և անձնակազմի թվաքանակի մասին տեղեկությունները հրապարակելու ուղղությամբ»,- նշված է Ալիևի հրամանագրում:

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ռազմական գործողությունների լուսաբանման առթիվ իրենց առաջին դժգոհությունները հայտնեցին շփման գծում ծագած օգոստոսյան բախումներից անմիջապես հետո: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը լրատվամիջոցների ղեկավարների հետ օգոստոսի 30-ին Բաքվում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել էր.-«Մի շարք լրատվամիջոցներ՝ նախ և առաջ համացանցային ռեսուրսներ, օգոստոսի սկզբին ծագած լարվածության ընթացքում կեղծ տեղեկություններ էին տարածում ռազմաճակատի գծում տիրող կացության մասին, հրապարակումներ էին լինում մեր զորամասերի տեղաշարժերի վերաբերյալ, ուռճացվում էր զոհված զինծառայողների թվաքանակը, փորձ էր կատարվում շփոթվածություն ստեղծել սահմանամերձ գոտու բնակիչների շրջանում»։

Օգոստոսի սկզբին ադրբեջանական ինտերնետային լրատվամիջոցները իրոք բավական ակտիվորեն էին լուսաբանում շփման գծում տիրող կացությունը` նաև առատ տեղեկատվություն հաղորդելով ռազմական շարասյուների տեղաշարժի, բարձրագույն սպայակազմի գործողությունների մասին: Այսպես օգոստոսի 2-ի՝ շփման գծում ծավալված բախումների ամենաթեժ պահին նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող haqqin.az կայքը հրապարակեց Բարդա քաղաքից դեպի Աղդամի շրջան շարժվող տանկային շարասյան լուսանկարները:

Մեկ այլ համացանցային լրատվամիջոց էլ` Meydan.tv կայքը, օգոստոսի 4-ին տեղադրեց դեպի շփման գիծ թռչող ռազմական ուղղաթիռների տեսագրությունը` հատուկ հստակեցնելով, թե դրանցից մեկում է գտնվում նաև երկրի պաշտպանության նախարարը:

Առաջիկայում, սակայն, ադրբեջանցի լրագրողներն այլևս այդքան հեշտությամբ չեն կարողանա մուտք գործել ճակատային գիծ: Երեկ ստորագրած հրամանագրով Իլհամ Ալիևը հրահանգել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը շփման գծում աշխատող լրագրողների հավատարմագրման նոր կարգ սահմանել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG