Մատչելիության հղումներ

Առևտրականների բազմամարդ բողոքի ցույցը արդյունք չտվեց


Առևտրականներն ասում էին, որ վարչապետը ստել է` ասելով, թե փոքր ձեռներեցները որպես հարկատու կառավարությանը հետաքրքիր չեն:

Այսօր Կառավարության շենքի առջև շուրջ չորս ժամ տևած բողոքի բազմամարդ ցույցն արդյունք չտվեց: Հարյուրավոր առևտրականներին մոտեցավ միայն գործադիրի դիմումների քննարկման վարչության պետը՝ խորհուրդ տալով նամակ գրել վարչապետին:

Այս հայտարարությունը, սակայն, ավելի բորբոքեց առևտրականների զայրույթը: Նրանք պահանջում էին, որ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի ու պատասխան տա, թե ինչու է խոշոր ստվերի դեմ պայքարի անվան տակ իրենց զրկում ապրուստի միակ միջոցից:

«Ուզում է խոշորին բռնի՞: Ինչի ինքը չգիտի՝ ով է խոշորը: Խոշորը սահման է անցկացնում․․․», - ասաց ցուցարարներից մեկը:

«Բոլորը վարկեր, պարտքեր ունեն․․․ Էդ մեկ տոկոսը քողարկված մի ձև է, որի տակ թաքնված են տուգանքները», - նշեց մեկ ուրիշ ցուցարար:

Վարչապետը թեև չիջավ, բայց կառավարության նիստի մեկնարկին առևտրականների բողոքին անդրադարձավ՝ ասելով, որ նրանց մտահոգությունն անտեղի է, անհիմն: Հովիկ Աբրահամյանը ցուցարարների շարքերում հրահրողների է տեսնում․- «Կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսին ճնշի, հակառակը՝ այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա: Մենք չենք նպաստելու, որպեսզի իրենք դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների հարկերը թաքցնելուն»:

Առևտրականները հակադարձում են, դեմ չեն մուծել հաստատգրված հարկը, բայց չեն ուզում հաշվապահ վարձել, կամ գործիք դառնալ օլիգարխիայի դեմ ձևական պայքարում: Նրանք վստահ են, որ վարչապետը ստում է, թե փոքր ձեռներեցները որպես հարկատու կառավարությանը հետաքրքիր չեն․ - «Սա կառավարության կողմից մանր բիզնեսը տրորելու քայլ է»:

Թեև այսօր ցուցարարները չդիմեցին բողոքի ավելի կոշտ միջոցների, փողոց չփակեցին, ինչպես նախորդ անգամ, բայց ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել հարակից բակերում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր բանակցում առևտրականների հետ:

Այսօրվա ցույցին միացել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը ձևավորվեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարից: Երիտասարդները անվստահության կարմիր քարտ էին ցույց տալիս իշխանություններին ու պնդում, որ ճնշումների մասին ահազանգեր են ստանում:

«Մալաթիա տոնավաճառի սեփականատեր կամ բաժնետեր, անունը գիտեմ միայն՝ Ռադիկը, մտնելով տոնավաճառ, հայտարարել է, թե՝ մեկդ փորձի տեղից շարժվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Ճիշտ այդ րոպեներին սպառնալիքներն իրականություն էր դարձնում «Վաղարշ և ընկերներ» ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը՝ կոտրելով և կոչ անելով լուսամուտից դուրս շպրտել բոլոր այն աշխատակիցների սեղանիկները, ովքեր ցույցի էին մասնակցել:

Ոսկու շուկայի տնօրենը պարծենում էր, որ պատժում է կառավարության բարեփոխումներից դժգոհողներին․ - «Ճիշտ եմ արել և էլի պետք ա շարունակեմ: Շրջում ենք, որ տեսնենք, թե ով չի եկել, որ նրան կարգի հրավիրենք»:

Առևտրականների բողոքի հաջորդ ակցիան երկուշաբթի է՝ Ազգային ժողովի առջև: Երեքշաբթի էլ փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միությունը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG