Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Նյու Յորքում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ գործընթացում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերակատարությունը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Յագլանդը կարևորել է գործընթացը և դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: «Նա վերահաստատել է այդ գործընթացին Եվրախորհրդի աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի և նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն է՛լ ավելի խորացնելուն», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG