Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում՝ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ


Լեռնային Ղարաբաղ - Կյանքը Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Կյանքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում հերթական թանկացումն այս անգամ անտարբերությամբ չուղեկցվեց. ներքաղաքային տրանսպորտի սակագինը 30 դրամով (0․07 դոլար) բարձրացնելու Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումը Ղարաբաղում ոչ միայն անհիմն են համարում, այլև պատրաստվում են բողոքի երթերի միջոցով կանխել սպասվող գնաճը։

Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման մասին դեռ անցյալ տարի հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, իսկ օգոստոսին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց նոր սակագնի մասին:

Ներկայումս Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կազմում է 70 դրամ, վերջին յոթ տարիների ընթացքում այս սակագինը փոփոխության չի ենթարկվել։ Քաղաքային իշխանություններն այս գնաճը հիմնավորում են տրանսպորտը սպասարկող ընկերությունների վնասով աշխատելու հանգամանքով։

«Երկու ընկերությունները քաղաքապետի հետ խորհրդակցության ընթացքում ուղևորափոխադրման գինը ցանկացել են սահմանել 112 կամ 120 դրամ, քաղաքապետը որոշել է 100 դրամ սակագին», - ասվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում այդ մասին հրապարակված հաղորդագրությունում։

Քաղաքապետը սպասարկող ընկերություններին կոչ է արել սակագնի բարձրացումից հետո սթափվել՝ բարեխղճություն դրսևորել և անթերի կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները, մայրաքաղաքում ապահովել բնակչության լիարժեք սպասարկում:

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի շուրջ 40 տոկոսով թանկացման դեմ երեկ քաղաքում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ ստեփանակերտցիները քաղաքապետարանից հանրային քննարկում և հաշվարկների մասին տեղեկատվություն են պահանջում։

Այսօր Ստեփանակերտի քաղաքապետարանի առջև սպասվող ցույցի կազմակերպիչներից Արմինե Նարինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շաբաթներ շարունակ իրենց չի հաջողվում քաղաքապետարանից բացատրություն ստանալ այն մասին, թե ինչպես է որոշվել մի փոքրիկ քաղաքում, որտեղ անապահով խավը մեծամասնություն է կազմում, տրանսպորտի սակագինը 30 դրամով բարձրացնել։

«Որևէ հաշվետվություն, որը կապացուցի մեզ, որ այդ թանկացումները հիմնավորված են, մինչև հիմա չկա։ Բայց, ըստ օրենքի, ցանկացած քաղաքացի կարող է ստանալ այդ հաշվետվությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նարինյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը թանկացման մասին որոշում է կայացրել օգոստոսին՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին աննախադեպ լարվածություն կար, մինչդեռ պատերազմական գոտում բնակվող քաղաքացիները ոգևորության կարիք ունեն։

«30 դրամը բավականին մեծ գումար է այն բազմազավակ ընտանիքների համար, այն մարդկանց համար, ովքեր մինիմալ աշխատավարձ են ստանում, հաշմանդամների համար, որոնց թիվը շատ մեծ է», - ասաց Արմինե Նարինյանը։

Սպասվող բողոքի ցույցերն աննախադեպ են Ղարաբաղի համար. մի քանի տասնյակից ավելի մարդկանցից բաղկացած ցույց վերջին անգամ 1988 թվականին էր, երբ ղարաբաղցիները Ադրբեջանից անջատվել և Հայաստանին միանալ էին ուզում։ 25 տարիների ընթացքում ղարաբաղյան իշխանությունների բոլոր որոշումները տեղի բնակչությունն ընդունել է լուռ համաձայնությամբ կամ պարզապես նախընտրելով չբարձրաձայնել անհամաձայնության մասին։

Այս նախաձեռնության կազմակերպիչները հույս ունեն, որ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը լավ նախադեպ կարող է դառնալ հետագայում Ղարաբաղում քաղաքացիական հասարակության զարգացման համար, որն էլ, իր հերթին, կարող է զսպել իշխանությունների «անհիմն որոշումները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG