Մատչելիության հղումներ

Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը


ԱՄՆ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2014թ․

Պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ - թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը: Այս մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

Հայաստանի առաջնորդը ընդգծեց, որ պաշտոնական Երևանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք չի դարձրել նախապայման հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ իր նախաձեռնած գործընթացը հասել է մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ փաստաթղթերը, սակայն, տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը։

«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները, միայն եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ - թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը», - ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Թուրքիայից հնչում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհը հավասարեցվում է դահճին, խեղաթյուրվում են անցյալի իրադարձությունները:

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին՝ մեկ առ մեկ հնչեցնելով այդ երկրների անունները: Նախագահը հիշատակեց նաև Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ երկրների գործիչներին, պետական մարմիններին և տարածքային միավորներին, որոնք «իրերն իրենց անունով են կոչել»։

«Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները», - ասաց նա։

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Հայաստանի նախագահը նաև խստորեն դատապարտեց Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու պայթեցումը։

«Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող։ [...] Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում», - ասաց նա։

Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանը խաղաղապահներ է տեղակայելու Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելության շրջանակում:

Իր ելույթի ծանրակշիռ մասը Հայաստանի ղեկավարը նվիրեց Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասաց՝ արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են Ադրբեջանի ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: «Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը», - շեշտեց նա:

Սերժ Սարգսյանը վկայակոչեց օրերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն՝ շեշտելով, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

Հայաստանի նախագահը անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերին՝ հայտարարելով, որ դրանք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, Բաքուն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում: «Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: [...] Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն, ի դեպ, 1994 թվականի հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում», - ասաց Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար պահանջները, եզրակացրեց Սերժ Սարգսյանը: «Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի», - ընդգծեց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG