Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունները կանխարգելելու բանալին է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «International New York Times»-ում այսօր տպագրված իր հոդվածում գրել է՝ անցյալի ցեղասպանությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է։

Միջազգային պարբերականում «Պատմության ամենամութ, անավարտ գլուխներից մեկը. Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով ծավալուն հոդվածում Հայաստանի նախագահը նշել է՝ Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին:

«Հայոց ցեղասպանությանը նախորդեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների Հոլոքոստին, Կամբոջիայում, Ռուանդայում, Դարֆուրում իրագործված ցեղասպանություններին. պատմության մի մութ շրջան, որ ինքն իրեն էր կրկնում՝ անցյալի անավարտ գործերի պատճառով։ Այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը անպատիժ մնաց, քաջալերեց ապագա բռնապետերին»,- գրում է Սերժ Սարգսյանը։

«Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցում է պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է։ […] Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի ցանկացած մասում նման գործողությունների համընդհանուր դատապարտմանը»,- շարունակում է Հայաստանի նախագահը։

Իր հոդվածում Սերժ Սարգսյանը նաև անդրադառնում է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան ետ է կանգնել ձեռք բերված համաձայնություններից և հրաժարվել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, իրականացնում է ապօրինի տնտեսական շրջափակում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը:

«Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան, ինչպես նաև մշտական անկայունություն է ներարկում աշխարհի՝ ռազմավարական առումով զգայուն այս հատվածում»:

«Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնված լինի երկու ազգերի միջև պատմական հաշտեցման վրա։ Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունը: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են խիզախորեն քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, քաջալերի թուրք առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, ինչն արդեն իսկ արել հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ անկեղծորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության այս մութ, անավարտ էջերից մեկը»,- եզրափակում է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG