Մատչելիության հղումներ

Իսլամիստական ուժերում աճում է արևմտաեվրոպացիների ու ամերիկացիների թիվը


«Իսլամական պետության» զինյալները մզկիթ են պայթեցնում Իրաքի տարածքում

«Իսլամական պետության» զինյալները մզկիթ են պայթեցնում Իրաքի տարածքում

Այսօր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժերում կռվում է 81 երկրից մոտ 15 հազար զինյալ:

«Իսլամական պետություն» խմբավորման ուժերն այսօր մեծ արագությամբ են համալրվում օտար երկրների մահմեդական քաղաքացիներով՝ մի բան, ինչ տեղի չէր ունեցել 198Օ-ականներին խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից ի վեր։

Նրանց մեծ մասն Իրաք ու Սիրիա են ժամանում արաբական աշխարհի երկրներից, սակայն մի քանի հազարը կրում են արևմտյան երկրների, այդ թվում՝ Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անձնագրեր։ Ըստ ԱՄՆ-ի հետախուզության հարցերով փորձագետների՝ առնվազն հազար զինյալ այստեղ է եկել Ռուսաստանից։

Նյու Յորքում գործող գաղտնի ծառայություններից «Սուֆան Գրուփ»-ի գնահատականով, այս տարածաշրջանը վերածվում է «ահաբեկիչների նոր սերնդի ինկուբատորի»։

Իսլամիստներին միացող եվրոպացիներն ու ամերիկացիները հիմնականում երիտասարդներ են։ Նրանց նկատելի մասը, ըստ անվտանգության հարցերով փորձագետ Փաթրիք Սքիների, հասուն տարիքում կրոնափոխված՝ մահմեդականություն ընդունած անձինք են։

Բացասական մեծ դեր են խաղում երիտասարդների, հատկապես 15-25 տարեկան անձանց վրա հեշտությամբ ազդող միջոցները, օրինակ՝ համակարգչային խաղերը, որտեղ մահմեդական պատերազմին՝ ջիհադին տրվում է դրական կերպար՝ առանց այդ պատերազմի արհավիրքները ներկայացնելու։ Դրա արդյունքում երիտասարդներն իրականությանը սկսում են նայել որպես խաղ, ջիհադին՝ որպես նպատակ։

Այս պատերազմին արևմտյան երկրներից միացող անձանց զգալի մասն ունեն անձնական մեծ խնդիրներ, մարդիկ են, ովքեր կորցրել են կապը հասարակության և ընտանիքի հետ։ Ոմանց համար էլ մահմեդական եղանակով վրեժ լուծելու մեթոդները դարձել են իրենցից օտարված հասարակությանը պատժելու միջոց։

Արևմտյան երկրներին այժմ մեծապես մտահոգում է այն հանգամանքը, որ գլխատումներ տեսած, իրականացրած ու ծայրահեղական մոլեգնությամբ լցված անձինք այս բռնությունները կփորձեն շարունակել Եվրոպայում ու Ամերիկայում։ Ահաբեկչության ու ջիհադի տարածման վտանգ, ինչի առաջն առնելու նպատակով է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրում աննախադեպ ու անսովոր մի հանդիպում՝ քննարկելու համար համաշխարհային այս սպառնալիքը կանգնեցնելու ուղիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG