Մատչելիության հղումներ

Մեկօրյա աշխատանքային այցով Երևանում է Վրաստանի պաշտպանության նախարարը


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այցը աշխատանքային է, և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Ալասանիան քննարկելու է «ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը և ապագա ծրագրերը»: Բացի այդ, կողմերը անդրադառնալու են տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Ուշագրավ է, որ օրվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ հաղորդագրություն չտարածեց Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի այցի կապակցությամբ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ «ակնհայտ է, որ Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները շատ լավ անձնական հարաբերություններ ունեն, բայց ավելի կարևոր է այն, որ Ալասանիայի այս անսպասելի այցը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները ներկայում, հավանաբար, ավելի կարևոր են, քան եղել են նախկինում»:

«Ռազմավարական առումով Հայաստանը ավելի կարևոր է Վրաստանի այս կառավարության համար, և այս հանդիպումը միայն հաստատում է սա», - ընդգծեց Կիրակսյանը և հավելեց․ - «Եթե այս վերլուծությունը ճիշտ է, պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Առաջին՝ արևմտյան նոր կոլաիցիան, որը նպատակ ունի ձեռք բերել նոր դաշնակիցների՝ հավանաբար Վրաստանին, նույնիսկ Հայաստանին՝ որպես անվտանգության ոլորտում վստահելի գործընկերոջ, և նպատակը Իսլամական պետության դեմ պայքարն է: Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ Վրաստանի կողմից Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո և Թբիլիսիի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր ճնշմանն ընդառաջ Վրաստանի պաշտպանության նախարարը հավանաբար ձգտում է Երևանից ստանալ հավաստիացում, որ հայ-վրացական հարաբերությունները ամուր են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG