Մատչելիության հղումներ

Պատգամավորը կարծում է՝ կառավարությունը հարվածի տակ է դրել փոքր և միջին բիզնեսը


Փոքր և միջին բիզնեսի միջոցով խոշորին ստվերից հանելու կառավարության փորձերը հանգեցնելու են փոքր բիզնեսի փակմանը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժն այսօր հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կողմ լինելով ստվերային տնտեսության կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների հաշվին, ինչը կհանգեցնի հազարավոր աշխատատեղերի փակման:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքով փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկը 3.5 տոկոսից կնվազի՝ դառնալով 1 տոկոս: Բայց դրա դիմաց գործարարները պարտավորվում են յուրաքանչյուր ապրանքի ձեռքբերման դեպքում հարկային մարմիններին փաստաթուղթ ներկայացնել՝ հակառակ դեպքում առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ կտուգանվեն 20 հազար դրամով, երրորդ անգամ շրջանառության հարկը 1 տոկոսի փոխարենը կկազմի 5 տոկոս, իսկ արդեն հաջորդ տարիներին փաստաթղթերի հետ կապված խնդիրների դեպքում փոքր բիզնեսը պարզապես ստիպված կլինի ավելացված արժեքի հարկ վճարել:

Կառավարությունը պնդում է, թե այս կերպ ստվերից փորձում են դուրս բերել խոշոր բիզնեսին: Մինչդեռ փոքր և միջին բիզնեսով զբաղվողները սա որակում են իրենց դեմ իրականացվող տեռոր, քանի որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչը հրաժարվում է մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ տալ, իսկ իրենք խոշորին հարկադրելու որևէ լծակ չունեն: Արդյունքում կամ ապրանք չեն ունենա, կամ կընկնեն հարկային մարմինների սահմանած բարձր հարկատեսակների տակ: Երկու դեպքում էլ բիզնեսը կկորցնեն: Կիսելով փոքր և միջին բիզնեսի այս մտահոգությունները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը զգուշացնում է՝ վերջին մի քանի տարում փակվել է 10 հազար փոքր և միջին բիզնես, այս օրենքով կառավարությունը հերթական հարվածը կհասցնի:

«Փոքրի միջոցով ուզում եք խոշորի իրական շրջանառությունը արձանագրեք, որևէ քննադատության չի դիմանում, որովհետև այդ միջոցով դուք արդեն վնաս եք հասցնում փոքրին։ Փոքրը պետք է անպայման հաշվապահություն վարի, մշտական գույքագրումներ անի, պետք է դիմակայի խոշորների փաստաթուղթ չտալու հարաբերությանը, իսկ եթե նրանք մի անգամ տան, մի անգամ չտան, այդ դեպքում դու քո ծավալները առանց այն է փոքր է, շահութաբերություն չունես, ուղղակի չես աշխատի և կփակվես»,- ասաց Մելքումյանը։

Տնտեսագետ պատգամավորը պնդում է՝ խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու համար բազմաթիվ ձևեր կան, և որևէ անհրաժեշտություն չկա հարվածի տակ դնել փոքր և միջին բիզնեսին: Օրինակ, կարելի է հարկային ներկայացուցչի ինստիտուտը կիրառել, կամ օպերատիվ հետախուզական միջոցներ ձեռնարկել, կամ պարզապես սահմանի վրա ճիշտ արձանագրել ներկրվող ապրանքի ծավալը:

«Օրինակ, պահեստից դուրս է գալիս խոշորի ապրանքը և գնում է դեպի որևէ իրացման վայր, եթե օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն առանց փաստաթուղթ ճանապարհին արձանագրվում է, խոշոր տուգանք է նշանակվում, ասենք, եղած ապրանքի 50 տոկոսի չափով, երկրորդ անգամ՝ 100 տոկոսի չափով։ Կամ ո՞վ է խանգարում սահմանի վրա ճիշտ արձանագրել ծավալը»,- ասաց Մելքումյանը։

Նշենք, որ երեկ կառավարության շենքի առջև ցույցի դուրս եկած ձեռներեցներին հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավատացնելով, թե օրենքի միջոցով իրենք թիրախավորում են խոշորին, ուզում են ստվերից հանել նրանց, ովքեր չեն ցանկանում փաստաթղթով աշխատել:

Մինչդեռ տնտեսագետ պատգամավորը վստահ է, որ այս քայլը որևէ արդյունք չի տա, քանի որ փաստաթղթերի տրամադրումը կհանգեցնի հավելյալ հարկային պարտավորությունների, ինչին խոշոր գործարարները պատրաստ չեն: Հետևաբար այս պայքարում, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, կառավարությունը պետք է կանգնի փոքրի կողքին և ոչ թե նրան գործիք դարձնի խոշորի դեմ:

«Քանի որ խոշորն էլ իր կորուստներն ու եկամուտները տարիներով հաշվարկել է, չի ուզում հաշտվի, որ միանգամից կարող է գալ լույսի դաշտ և այսքան կորուստ ունենա։ Քանի որ փոքրն էլ խոշորի թելադրած կանոններով է գործով, այդ ուժը չունի, որ դիմակայի խոշորին, ստիպված ասում է՝ ես ռիսկ ունեմ։ Եթե փոքրը 2-3 ամիս չստացավ իր ապանքը, փակվելու է։ Երբ կան անհավասար պայմաններ, պետությունը պետք է կանգի փոքրի կողքը՝ հանուն փոքրի գոյության»,- ասաց պատգամավորը։

Այս տարվա հունիսին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությանը ԲՀԿ-ն առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել՝ այդ կերպ աջակցելով շրջանառության հարկի՝ 3.5- 1 տոկոսի իջեցմանը: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծում է, թե ինքն անձամբ մի քանի անգամ ելույթ է ունեցել՝ պնդելով, որ ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջը պետք հանվի կամ մեղմացվի: Եվ քանի որ կառավարությունը հարցին լուծում չի տվել, երկրորդ ընթերցման ժամանակ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը:

Այժմ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը առաջարկում է խնդրին լուծում տալու համար անորոշ ժամկետով փոքր և միջին բիզնեսին հարկային ստուգումների չենթարկել՝ բացառությամբ խիստ ռիսկային դեպքերի: ԲՀԿ-ն նախատեսում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանքային խումբ ստեղծել և առաջիկայում խնդրին լուծում տալու համար օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ:

XS
SM
MD
LG